«Լեպի կոզդոն», «Չուշիկ պալկան» և Բավրայի հին ու նոր պատմությունները. գյուղի ավագների հիշողությունները գրի է առել ՇՊՀ 4-րդ կուրսի ուսանողը


«Լեպի կոզդոն», «Չուշիկ պալկան» և Բավրայի հին ու նոր պատմությունները. գյուղի ավագների հիշողությունները գրի է առել ՇՊՀ 4-րդ կուրսի ուսանողը

  • 25-03-2021 14:05:29   | Հայաստան  |  Մշակույթ

Բավրայի հին և նոր գյուղի ավագների հիշողությունները գրի է առել ՇՊՀ լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Նիկոլ Մարգարյանը:   Աշոցքի բարձրադիր սարահարթում, ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա է գտնվում սահմանամերձ Բավրա համայնքը:Ներկայումս գյուղի պատմական անցյալի մասին ճշգրիտ տեղեկություններ գտնելը այնքան էլ դյուրին գործ չէ: Գյուղի մասին տեղեկությունները սակավաթիվ են. ամենահավաստի միջոցը գյուղի հնաբնակներից տեղեկություններ իմանալն է, որոնց հետ զրուցելով էլ փորձեցի տեղեկանալ գյուղի պատմական անցյալից ու ավանդույթներից, հենվելով նաև Թ. Խ. Հակոբյանի, Ս. Տ. Մելիք-Բախչյանի և Հ. Խ. Բարսեղյանի<<Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան>>, (Երևան,1986թ) գրքում եղած տվյալների վրա: Բավրայի բնակիչների նախնիները եկել են 1829 թվականին Արդահանի շրջանի Վեր գավառից: Նախ տեղափոխվել են Ախալքալաքի Բավրա գյուղ, հետո արդեն 1860 թվականից՝ Հայաստան: Գյուղը կոչվել է Թիթոյի Խարաբա, որը վրացերենից թարգմանաբար նշանակում է <<առաջին քարափ>>:
 
Գյուղի տարեցների հետ զրույցից պարզ է դառնում, որ իրենց նախնիները այդ տարածք տեղափոխվել են գաղթի պատճառով: Բավրա գյուղի ներկայիս բնակիչներից քչերն են, որ ապրել են <<Հին գյուղում>>: Սլավիկ Սումբուլյանը պատմում է, որ այդ շրջանում գյուղացիները ապրել են գետնափոր տներում, տունը տաքացրել են թոնիրով, որով նաև հաց են թխել: Գետնափոր տների պատերի հաստությունը եղել է 80 սմ-ից մինչև 1 մետր: Բավրա գյուղի բնակիչ՝ Սլավիկ Սումբուլյան Ծնողներից  իրեն հասած տեղեկություններով՝ անասնագոմերն ու տունը իրար հետ միացված են եղել. մի կողմում մարդիկ են ապրել, մյուսում՝ կենդանիները, որոնքայդ շրջանում նաև<<ջեռուցմումն>> են ապահովել: Գյուղի մյուս բնակիչները, որոնց հետ զրուցեցի, ավելի մանրամասն փորձեցին ներկայացնել այդ ժամանակների պայմաններն ու ապրելակերպը, նրանքավելի երկար էին ապրել <<Հին գյուղում>>, մինչև նոր գյուղի  տեղափոխվելը:    Տիկին Խանում Պետրոսյանի մտապատկերում հին գյուղից դրոշմվել էին աղքատության տեսարանները: Ընտանիքում եղել են 10 երեխա՝ 5 քույր, 5 եղբայր. ինքը եղել է տան ամենափոքրը: Հովիվ հայրը մի կերպ է ապահովել ընտանիքի հացը: 5 Եղբայրներն էլ մասնակցել են երկրորդ համաշխարհային պատերազմին. նրանցից մեկը, ցավոք, մահացել է: Գյուղում աճեցրած գարին ու ցորենը աղալու համար, ստիպված են եղել հասնել հարևան գյուղեր: 
 
Բավրա գյուղի բնակիչ՝ Խանում Պետրոսյան Հիշում է, որ գյուղում եղել է քարհանք և ձիթհանք, որոնք որոշ ժամանակ գործելուց հետո, դադարել են շահագործվել: Տիկին  Խանումի աչքերում մինչ օրս թուրքերի հավանական հարձակման վախն է, պատմում է, որիրենց և թուրքերին ընդամենը մեկ սար է բաժանել՝ Եզնասարը: Թուրքերը ապրել են Սարի հակառակ կողմում․նրանց հերթական հարձակումներից մեկի ժամանակ սպանել են նաև տիկին Խանումի հորեղբորը:  ՝<<ԵԶՆԱՍԱՐ>> <<Հին գյուղում>>, մինչև 15 տարեկանը ապրել է նաև Արմենակ Իվանյանը: Պարոն Արմենակը պատմեց, որ գյուղի վրա հարձակումներ եղել են դեռևս 1917-18 թվականներին: Գյուղացիները ժամանակ առ ժամանակ լքել են գյուղը, կրկին վերադարձել: Գյուղում սկզբում եղել է<<մասնավորացում>> , գյուղն ունեցել է առանձին գյուղապետ, հետո արդեն <<կոմունիստական շրջանում>>, երբ շրջանի 5 գյուղերը միացվել են իրար, դրանք ղեկավարել է 1 հոգի՝ <<կոլխոզի նախագահը>>: Արմենակ պապը նաև նշեց, որ այդ ժամանակ գյուղում եղել է <<դամռջնոց>>(դարբնոց), որտեղ զբաղվել են երկաթագործությամբ: Եւ չնայած աղքատությանը, անասունների հետ համատեղ կենցաղին ու սարի մյուս կողմից սպառնացող թուրքաան վտանգին, պարզվում է՝ <<Հին գյունում>> մշակությային կյանքն էլ հետ չի մնացել: Գյուղում գործել է փոքր ակումբ, որտեղ ամիսը մեկ անգամ անցկացվել է շրջիկ կինոդիտում, համերգներ: Գյուղում իրենց  հոգնեցնող ու ծանր առօրյան հաշվի առնելով, բնակիչները, մանավանդ՝ երիտասարդները տոներին սպասել են առանձնակի հետաքրքրությամբ՝ այդ օրերին կազմակերպելով տոնական խաղեր և միջոցառումներ: Արմենակ պապը հիշեց դրանցից մի քանիսը. <<Չուշիկ պալկա>>, <<Լեպի կոզդո>>, <<Թուրա>>, <<Քամարոին>>, <<Երգան գեչե>> և այլն: Հարսանիքները անցկացրել են իրենց տներում. սկզբում առանց քահանա, քանի որ գյուղն առանձին քահանա չի ունեցել: Նա պատմեց հարսանիքից առաջ եղած սովորության մասին․քանի որ այդ շրջանում հարսի և փեսայի ընտանիքները չեն կարողացել անմիջական և անընդհատ շփման մեջ լինել իրար հետ, հարսանիքի օրը, հարսի ընտանիքի ժամանումից առաջ, ձիով եկել է նրա ազգականներից մեկը, ով նախազգուշացրել է նրանց ժամանման մասին:
 
Նրան անվանել են <<աթլջի>>: 1923 թվականին գյուղում հիմնադրվել է առաջին տարրական դպրոցը՝ Նիկոլ Սումբուլյանի աջակցությամբ: Այնտեղ 4 տարի սովորելուց հետո, ցանկացողները հաճախել են Ղազանչիում և Ղուկասյանում եղած 8-ամյա դպրոցները: Գյուղացիները հատուկ սեր են ունեցել ուսման հանդեպ: Գյուղում հերոսական պատմությունների պակաս չի եղել, շատերը մասնակցել են առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին, մի քանիսը պարգևատրվել են տարբեր աստիճանի մեդալներով: Արմենակ պապը հիշեց նրանցից մի քանիսին՝ Իվանյան Պողոս Հարթենի- արժանացել է <<Կարմիր դրոշ >> շքանշանին, Ղարսլեյան Եփիկ- արժանացել է մեդալի, հասել մինչև Բեռլին:Առանձնակի քաջությամբ աչքի է ընկել Հոքոսը.վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս, այնտեղ արժանացել շքանշանի: Երկրորդ համաշխարհայինի մասնակիցներից անհետ կորած է համարվել գյուղի բնակիչներից Անդրանիկ Մարգարյանը: Ընդհանուր առմամբ, գյուղը 15-20 զոհ է տվել:
 
Գյուղի կանայք ևս, անմասն չեն մնացել ծանր աշխատանքից: Գյուղում եղել է նաև եկեղեցի, որը գործում է մինչև այժմ: Եկեղեցին սկզբնական շրջանում եղել է պահեստ, որը գյուղացիները սեփական միջոցներով 1880-ական թվականներին վերածել են մատուռի: Գյումրիից եկած քահանան այն օծել է ու ակտիվացրել հոգևոր կյանքը: Սակայն, դա էլ երկար չի տևել. կոմունիստների իշխանության անցնելուց հետո, եկեղեցին կրկին քանդվել է, նորից վերածվել պահեստի: Այդպես շարունակվել է մինչև 1960-ական թվականները: Չնայած գյուղացիների առօրյան եղել է հոգնեցնող և միապաղաղ, հակառակ դրան, տարածքի ռելիեֆը շատ ակտիվ է եղել: Գյուղում մի քանի անգամ երկրաշարժեր են գրանցվել և 1956 թվականին գյուղում ժողով են գումարել ու որոշել. սեյսմաակտիվ տարածքով գյուղից 3 կմ հարավ-արևելք կառուցել նոր գյուղ:1957 թվականից արդեն ներկայիս Բավրայի տարածքում կառուցվել են առաջին տները: Աշխատանքները ընթացել են շատ դանդաղ և միայն 1959թ.-ի դեկտեմբերի 8-ի երկրաշարժից հետո, որի հետևանքով գյուղը հիմնովին ավերվել է, տեղափոխվել են <<նոր գյուղ>>: Երկրաշարժի հաջորդ օրը՝ գյուղացիների պատմելով, Կենտկոմի քարտուղարը այցելել է Բավրա, տեսել երկրաշարժի հետևանքները, գյուղացիների ապրելակերպը և նրանց առաջարկել տեղափոխվել Հոկտեմբերյանի նորաստեղծ 6-րդ սովխոզ՝ Լենողի գյուղ: Գյուղից շատերը այդ ժամանակ տեղափոխվել են այնտեղ բնակվելու, մյուս մասն էլ տեղափոխվել է նոր կառուցվող Բավրա գյուղ: Հոկտեմբերյանում այսօր էլ կա մի փողոց, որին տեղացիները անվանում են ժաշկեցիների փողոց, իսկ տեղի բավրեցիներին էլ՝ ժաշկեցիներ: Բավրայում մնացած գյուղացիները ձեռնամուխ են եղել նոր գյուղի ստեղծման աշխատանքներին և հենց <<Հին գյուղից>>  բերված բազալտով էլ կառուցել են իրենց տները: Իրենց համար այդ ծանր շրջանում էլ գյուղացիները չեն մոռացել <<Հին գյուղի>> իրենց եկեղեցու մասին:  1960-ական թթ. տեղաբնակ Մարիամ Մարգարյանի նախաձեռնությամբ գյուղի բնակիչները դրամահավաք են արել ու եկեղեցին (եկեղեցու անվան մասին տեղեկություններ չեն պահպանվել և բնակիչները մինչ օրս այն հին գյուղի եկեղեցի են անվանում) բարեկարգել: Այն վերջին անգամ վերանորոգվել է 2007թվականին, <<Հայկական Կարիտաս>> ՀԿ-ի ծրագրի շրջանակներում: Եկեղեցու բակում տեղադրված մեծ և փոքր խաչքարերը որպես նվեր տեղադրվել են համայնքի բնակիչների կողմից:
 
Նախկին գյուղապետ, գլխավորանասնաբույծ Նորիկ Գաբրիելյանը պատմեց, որ մինչև 1988 թ. Երկրաշարժը, Բավրան տարածաշրջանի մյուս գյուղերի համեմատ եղել է  բավական զարգացած: 1970 թվականին գյուղում բացվել է միջնակարգ դպրոց, գյուղում եղել է <<Կուլտուրայի տուն>>, հասարակական բաղնիք, 600 գլխի համար նախատեսված կաթնաանասնաբուժական համալիր, 1970-ականներից գյուղում եղել է ստացիոնար կինոդիտում. Ղուկասյանի միկրոգործարանի մասնաճյուղը բացվել է հենց Բավրայում և տարածաշրջանի գյուղերի բնակիչնեն այնտեղ են աշխատել:  Բավրա գյուղի բնակիչ՝ Նորիկ Գաբրիելյան Պարոն Գաբրիելյանը պատմեց, որ գյուղի համար հերթական դժվարին փորձության՝ 1988թ. երկրաշարժի հետևանքով գյուղը բավական վնասներ է կրել, փակվել է գյուղում գործող գործարանը: Ավելացել է արտագաղթը,շուրջ 30-40 ընտանիք հեռացել են գյուղից: Երկրաշարժից հետո, գյուղում տուժած տների փոխարեն կառուցվել են 3 երկհարկանի և 18 առանձնատներ: Իր խոսքի վերջում պարոն Գաբրիելյանը հպարտորեն հավելեց, որ գյուղից 6 հոգի, իրենց ուժերով ընդունվել և ավարտել են Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանը:    Բավրայի Սբ․ Նշան եկեղեցին   Մեր օրերում էլ  Բավրանփորձում է հետ չմնալ ժամանակի ընթացքից: Գյուղում 2007-ից կառուցվեց ու   2012 –ին հանդիսությամբ օծվեց <<Սբ Նշան>> եկեղեցին:
 
Գյուղն այսօր ունի բուժկետ, միջնակարգ հանրակրթական դպրոց, խաղահրապարակ: 2014թվականի մայիսի 6-ին գյուղում հադիսավորությամբ բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ծրագրի հովանավոր Նշան Դեվեճիէանը եւ արգենտինահայ բարերարներն` իրենց ընտանիքներով:  ՀամայնքայինկենտրոննարգենտինահայՆշանԴեվեճիէան ընտանիքի հովանավորած միակ ծրագիրը չէ համայնքում: Տարեսկզբին հիմնովին կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով էր համալրվել նաև գյուղի դպրոցը:  Որպես արվածի գնահատանք, Դեվեճիէան ընտանիքին շնորհվեց Բավրայի Պատվավոր քաղաքացու կոչում եւ նվիրաբերվեց 300ք.մ հողատարածք համայնքում:   Համայնքի վարչական տարածքում է գտնվում Թավշուտի ջրամբարը, Բավրայի մաքսակետը, <<Արարատ բանկ>> Բավրայի մասնաճյուղը և ՀՀ ԱԱԾ սահմանապահների զինվորական ստորաբաժանումը: Ներկայումս, չնայած նրան, որ գյուղում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, գյուղացիները նախընտրում են չբողոքել:
 
Նրանք միմիայն դրական սպասելիքներով ու վստահությամբ են նայում վաղվա օրվան, վստահ լինելով, որ այն միմիայն <<արևոտ ու պայծառ>> է լինելու:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ