Թմրավաճառության հերթական դեպքը․ երկու անձ ձերբակալվել է


Թմրավաճառության հերթական դեպքը․ երկու անձ ձերբակալվել է

  • 26-03-2021 09:50:55   | Հայաստան  |  Իրավունք

 
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրել են մարտի 20-ին։ Ժամը 12.30-ին Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կիլոմետրին նրանք կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան։ Թմրամիջոց պահելու կասկածանքով վարորդը բերման է ենթարկվել բաժին, իսկ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
 
Զննությամբ 53-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են ծխամորճ և դեղահաբի տարա՝ կանեփ տեսակի թմրանյութի հետքերով։ Վարորդը հայտնել է, որ մեքենայում կա կանեփ տեսակի թմրանյութով փաթեթ, տեղեկություն, որ քրեական հետախույզներն արդեն գիտեին։
 
Հարուցվել է քրեական գործ, և դատարանի որոշմամբ նույն օրը խուզարկություն է կատարվել «Օպել» մակնիշի մեքենայում։ Պահոցից հայտնաբերվել է փաթեթը, որի մեջ կար մոտ 180 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Վարորդը ձերբակալվել է։
 
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է, թե նա ումից էր գնել թմրանյութը։ Մարտի 23-ին Մեծամորի ոստիկանները մեկնել են Արմավիր՝ 65-ամյա տղամարդու տուն։ Խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութ։ Ճշտվել է, որ հենց նա էր «Օպելի» վարորդին 200 հազար դրամով վաճառել 180 գրամ թմրամիջոցը։
 
Ձերբակալվել է նաև 65-ամյա արմավիրցին։ Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք