Գործն ավարտված չէ. Պուտինը դեռ շարունակելու է փրկել մինչեւ «վերջնական փրկություն»


Գործն ավարտված չէ. Պուտինը դեռ շարունակելու է փրկել մինչեւ «վերջնական փրկություն»

  • 30-03-2021 12:15:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Lragir.am ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  անձնական դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում պարտավոր են հիշել բոլորը։
 
«Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Դրանք ունեն շատ ու շատ ասպեկտներ, որոնք կարող են փոխշահավետ լինել։ Հայաստանի հետ նույնպես պատմական լավ հարաբերություններ են։ Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք զգալի օգուտ են բերում Հայաստանին։ Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ինչ է կատարվել․․․ Պուտինի անձնական դերը պատերազմի դադարեցման գործում պետք է հիշեն բոլորը», ասել է Պեսկովը Аргументы и факты թերթի հետ հարցազրույցի ժամանակ։
 
Իհարկե, Պուտինի անձնական դերը չի մոռացվի ոչ միայն պատերազմի դադարեցման, այլեւ պատերազմի մոսկովյան նախաձեռնության, հայերի հաղթանակը թույլ չտալու, թուրքերի հետ Ղարաբաղում «բարդ օպերացիա» իրականացնելու, պատերազմը դադարեցնելու պայմանների եւ եռակողմ հայտարարությունը հեղինակելու գործում:
 
Ուշադրության է արժանի Ադրբեջանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված եւ վստահելի հարաբերությունների եւ Հայաստանի հետ «նույնպես պատմական լավ հարաբերությունների» հիշատակումը, ավելի ճիշտ՝ տարբերակումը, որը ոչ այլ ինչ է, քան արձանագրումը, որ հայերը քաղաքական իրավունքներ չունեն, եւ հաստատումն այն իրողության, որ հայ-ռուսական դաշնակցային-իրավապայմանագրային բազան ընդամենը մակուլատուրա է, որը դեն է նետվել 2020-ի աշնանը:
 
Հայաստանի ուղղությամբ աշխատող Կրեմլի նախագծողները պարբերաբար կրկնում են, որ Պուտինը Լենին չէ, Էրդողանն էլ՝ Աթաթյուրք: Քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի խոսքով, «Լենին-Ստալինի օրոք ոչ ոք չէր համարձակվում ասել, թե Լենինը փրկեց հայերին Մուստաֆա Քեմալից: Ընդհակառակը, ասում էին, որ հայերը զոհաբերեցին Արեւմտյան Հայաստանը հանուն համաշխարհային հեղափոխության, այն էլ ժամանակավորապես (Մեդվեդեւի ականջը կանչի՝ Արցախի անորոշ ժամանակով հետաձգված ստատուսի կապակցությամբ), 25 տարով:
 
Հիմա, 100 տարի անց, արդեն ասում են, որ Լենինը փրկեց Հայաստանը կործանումից: Դա արվում է, որպեսզի ասվի՝ Պուտինը փրկեց հայերին բարեկամ ազգի կողմից ոչնչացումից: Այսպիսի մատամորֆոզը վկայում է, որ գործը ավարտված չէ. Պուտինը դեռ շարունակելու է փրկել մինչեւ վերջնական փրկություն»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն