Առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ


Առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ

  • 06-04-2021 11:47:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ 2021թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից  առգրավվել են 97 տարաների մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույսեր, 2 և 32 գրամ քաշերով կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ, երկու հատ ապակյա կոլբաներ, մեկ հատ ներարկիչ, նյութով լցված ապակյա տարա՝ «серебро серникислое» գրառմամբ: Բացի այդ, հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված դույլեր՝ հատակին նստվածքներով: 
Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ տանը տարաների մեջ առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են  Երևան քաղաքի երեք բնակիչներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն