Դավթի կերպարն այն տեսակն է, ում կորցրել ենք ժամանակակից մարդու մեջ. Ֆրանսիական թատերախումը կներկայացնի հայկական էպոսը
06-04-2021 12:14:20 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 13-19-ը Ֆրանկոֆոնիայի շաբաթվան կմասնակցի նաև Ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը: Հիմնադիրները հայ ամիուսիններ են` Սաթէ Խաչատրյանը և Էդգար Մանուկյանը: Այս անգամ «Սաթէ-Աթղը» բազմազգ թատերախումբը կներկայացնի մեր «Սասնա ծռեր» էպոսը` երաժշտական մեկնաբանությամբ:
Ներկայացման բեմադրիչը Սաթէ Խաչատրյանն է: Նա Ֆրանսիայում ուսանել է դրամատիկ արվեստների բարձրագույն ազգային կոնսերվատորիայում` որպես դերասան, ապա Սորբոնի համալսարանում պաշտպանել թեզը, որը վերաբերում էր ժամանակակից դրամատուրգիային: Ներկայացնում ենք Ֆրանսիայի թատերական աշխարհում իր ուրույն տեղը գտած մեր հայենակից Սաթէ Խաչատրյանի հետ զրույցը:
-Ինչպես է հաջողվել հայ դերասանուհուն Ֆրանսիային հարուստ մշակութային կյանքում գտնել իր տեղը, ավելին` հաջողություններ գրանցել հայկական թեմաներով բեմադրությունների շնորհիվ:
- Ես Ֆրանսիայում մշտապես եղել եմ ֆրանսիական թատերական միջավայրում: Այս երկրի թատերական բազմազանության մեջ առանձնանալու համար էր, որ որոշեցինք նախապատվությունը տալ հայկական էպոսին: Դրանից առաջ Հովհաննես Թումանյանի հետքիաթների հիման վրա բեմադրված «Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան» ներկայացումն էր: Այն ստեղծվել է 2013-ին, մինչև հիմա խաղում ենք: Հայկական մշակույթը նախկինում Ֆրանսիայում ներկայացվել է համայնքի սահմաններում, քանի որ մշակույթի պահպանման խնդիր կա: Մեն որոշեցինք ընդլայներ սահմանները և մեր բազմազգ ու պրոֆեսիոնալ թատերախմբով հայկական մշակույթը տարածել օտարերկրացիների մեջ»:
-Դուք Հայաստանում ֆրանկոֆոնիայի շաբաթին ներկայանալու եք «Սասնա ծռեր» էպոսի երաժշտական մեկնաբանությամբ, որտեղ հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված է աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ: Ո՞րն է նման մեկնաբանության նպատակը:
-Ես ուզում եմ, որ համաշխարհային մշակույթում հայկական էպոսը գտնի իր կարևոր տեղը: Դրան ուղղված առաջին քայլը
«Սասնա ծռերի» համար դեպի ֆրանսիական միջավայր ճանապարհ հարթելն է: Նպատակը մեր էպոսի համամարդկային լինելը ցույց տալն է: Էական չէ, թե ով է այն պատմում` հայը, աֆրիկացին, թե ֆրանսիացին: Բեմում 6 պատմող դերասան երաժիշտներ ենք. երկուսս ենք հայ` ես և Լիլիթը, կոնգոցի դերասան Ռոբբա Բիասի Բիասին մարմնավորում է Մեծ Մհերին և Սասունցի Դավթին: Ռայմոնդ Պալսին Մարտինիկից է, Յաննիկ Լուին (Յաօ)`Գվադելուպից է, նա խաղում է Ձենով Օհան: Մսրա Մելիքի դերակատարը ֆրանսիացի է` Պիեռ-Ամբեր Պոտիեն, որը նաև մարմնավորում է կրտսեր Մելիքին` Դավիթի խորթ եղբորը: Ներկայացումն ավարտվում է Սասունցի Դավթի` Մսրա Մելիքի դեմ տարած հաղթանակով, ինչն ինձ համար շատ խորհրդանշական վերջաբան է:
Հայկական էպոսը ինչո՞վ է հետաքրքրել օտարերկրացիներին, որոնք այդքան ջանք ու եռանդ են դրել բեմադրության կայացման գործում:
Կարծիքներ էին հնչում, որ անպայման պետք է էպոսն ամբողջությամբ կարդալ: Ներկայացման մեջ զբաղված աֆրիկացիները նշում էին, թե հայկական էպոսի շատ կերպարներ նման են իրենց հեքիաթների հերոսներին: Բոլորին տպավորել է հատկապես Դավթի կոչը. «Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթը գող-գող եկավ գնաց»: Ասում էին, որ սա իսկապես այն բացառիկ տեսակն է, որ կարող ենք գտնել ուրիշ ազգի էպոսի ու հեքիաթների մեջ: Նրանց կարծիքով` Դավթի կերպարն այն տեսակն է, ում կորցրել ենք ժամանակակից մարդու մեջ»:
Ավելացնենք, որ «Սաթէ-Աթղը» թատերախմբի «Սասնա ծռեր» ներկայացումը ապրիլի 13-ին կլինի Սևանում, 14-ին՝ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնում, 15-ին՝ Գյումրու Արհեստի դպրոցում, 17-ին՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական թատրոնում եւ ապրիլի 19-ին Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Ապրիլի 20-ին Համազգային թատրոնում կկայանա Զելլերի պիեսների հայերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը, որի թարգմանիչն ինքն է` Սաթէ Խաչատրյանը: Հուլիս-օգոստոս ամիսներին էլ «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կներկայանա Քսավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություն» պիեսի բեմադրությամբ՝ Լոֆթում, բեմադրիչը և թարգմանիչը կրկին Սաթէ Խաչատրյանն է: