Կրեմլի «փրկագինը». Պուտին-Փաշինյան գործարքը


Կրեմլի «փրկագինը». Պուտին-Փաշինյան գործարքը

  • 06-04-2021 15:29:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. Կրեմլի կայքը Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ հաղորդագրություն է հրապարակել օրակարգի վերաբերյալ: Նախորդող հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության համեմատ, որտեղ նշվել էր եռակողմ հայտարարության կատարման ընթացքը եւ հաղորդակցությունների բացումը, ավելացվել է նաեւ ռազմավարական գործակցություն բառակապակցությունը:
 
Կրեմլի այս հաղորդագրությունը հետեւել է Ալիեւի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունը, որում նշված էր Բաքվի հետ ռազմավարական գործակցությունն ամրապնդելու Մոսկվայի հաստատակամությունը: Ըստ ամենայնի, Կրեմլը որոշել է պահել «պարիտետը»:
 
Ինչ է նշանակում այդ պարիտետն ըստ Կրեմլի: Դա եռակողմ հայտարարության անվերապահ կատարումն է, այն է՝ Հայաստանի ոչնչացման ռուս-թուրքական համաձայնությունները՝ Արցախի հարցի փակում, Հայաստանի տարածքի մասնատում «հաղորդակցական միջանցքներով»՝ ռուս-թուրքական վերահսկողությամբ: Հայաստանի կառավարիչներն այս իրողությունը ներկայացնում են «անվտանգության նոր համակարգի կառուցում», «Ռուսաստանի հետ բանակի արդիականացում», Հայաստանի կայունության, ամրապնդման ու զարգացման եւ նման այլ բարբաջանքներով:
 
Հնարավոր է՝ Կրեմլը հայտարարի ինչ որ «պրեֆերենցիաների» մասին՝ համատեղ ծրագրերի ու կառավարելի մետաղի ջարդոնի նոր խմբաքանակի տեսքով: Դա ոչ այլ ինչ է, քան նոր երաշխիք թուրքերին՝ Հայաստանի լիակատար մեկուսացումն ու կառավարելիությունը պահելու վերաբերյալ: Հնարավոր է՝ ռուսները դա դիտարկում են իրենց փրկագինը՝ մեղմելով փրկչի ու այլ միֆերի քողազերծման իրողությունը, թեեւ դրա կարիքն արդեն չկա. Մոսկվան ինքն է արդեն բացահայտում ամեն ինչ:
 
Պետք է շտապել՝ Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ խանգարել «Կովկասում նոր կարգի հաստատմանը»:
 
Պուտին-Փաշինյան գործարքը հավատարմությունն է ռուս-թուրքական ծրագրերին՝ ինքնիշխանությունից եւ պահանջներից ու իրավունքներից հրաժարվելու դիմաց: Փոխարենը հայկական «քաղաքական դասը» նախընտրական խեղկատակության կոնսենսուսի է բերվել՝ Նիկոլ Փաշինյանին ուչաստկովի նշանակելու համար՝ Մոսկվայից գործուղված փերեզակների, կվնականների ու տեղական թիթեռնիկների փոշիով, առաջին նախագահի՝ ոտքերը ռուսական վերմակի չափով մեկնելու ցիտատներով, երկրորդ նախագահի՝ ռուսական մամուլին եթե ես լինեի տիպի քրոնիկ գանգատներով:
 
Զատկին ձվի դեֆիցիտ էր՝ ծիսական համայնքը պետք է ապրի իր իսկական հոգսերով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը