Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հրադադարի եռակողմ հայտարարությանը. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ
06-04-2021 20:59:57 | Հայաստան | Քաղաքական
Արցախի իրավապահ, իրավասու մարմիններն արձանագրել են ադրբեջանցիների կողմից Շուշի-Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվող «Տանկ» հուշարձանի մոտակայքի ցուցանակին գրություններ թողնելու դեպքը:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Նա հավելել է, որ դեպքի մասին տեղյակ են պահվել նաև ռուս խաղաղապահները: «Տեղի ունեցածը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մի շարք այլ քայլեր անհարգալից վերաբերմունք են ինչպես հրադադարի եռակողմ հայտարարության, այնպես էլ՝ ռուս գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, ինչ-որ պատշաճ արձագանք կլինի:Ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա նման բոլոր դեպքերը վերլուծվում են և խաղաղապահների հետ համատեղ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Սա հոգեբանական գրոհ է Ադրբեջանի կողմից՝ Արցախում բնակվողների շրջանում հնարավորին վախի մթնոլորտ ստեղծելու համար»,- ասել է Ավանեսյանը: