Ուրարտական շրջանի նոր գտածոներ՝ «Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում

07-04-2021 14:44:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Սափորի մի բեկոր է՝ հորադիր գծանախշներով և փայլանախշերով: Ունենք նաև ուրարտական թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ: Հիմնականում մեր գտած նյութը թվագրվում է Ք.ա 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերի են»,-պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
 
Արդեն մի քանի օր է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում պեղումներ են սկսվել: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորները մասնագետների աչքից չէին վրիպել ու աշխատանքներն անմիջապես դադարեցվել էին: ԿԳՄՍ նախարարությունը հրատապ պեղումներ սկսելու թույլտվություն տվեց:
 
«Վերին հատվածում ունենք կառույցի հետքեր: Դա է հուշում քարերի շարվածքը: Եթե
ուշադիր նայենք՝ տեսնում ենք 3 քար, որոնք շարված են մի ուղղությամբ: Սա կարող է լինել դամբարան, պատ կամ այլ կառույց: Մարդիկ, իհարկե, կնայեն ու չեն հասկանա, բայց դա հնագիտական առումով կարևոր է շատ»,-ասում է Միքայել Բադալյանը:
 
Ամեն օր խմբին միանում են նոր կամավորներ: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր այս մարդկանց համախմբել է սերը քաղաքի ու նրա պատմության հանդեպ: Հնագետների ցուցումով կամավորներն իրենց առաջին պեղումներն են անում:
 
Սանտիմետր առ սանտիմետր հողաշերտից բացվում են հնագույն պատմության նոր շերտերը:
 
«Շերտ առ շերտ ստուգում ենք հողի խտությունը, կարծրությունը: Երբ հողի գույնը փոխվում է, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն լինի»,- նշում է Միքայել Բադալյանը:
 
Նոր ճանապարհին հարող հատվածում պեղումները կշարունակվեն: Այս տարի պեղումներ կարվեն նաև հնավայրի գլխավոր մուտքից աջ ընկած հատվածում: Արարատյան թագավորության ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները:
 
«Երևում է պատի արտաքին հատվածը, որը մոտ 2 մետր լայնություն ունի և շարունակվում է: Այստեղ, ըստ երևույթին, ինչ-որ նոր թաղամաս կամ պարսպաշարեր կան: Եթե այստեղ բացվեն 1.5 մետրանոց պատեր,
ապա հնարավոր է արտակարգ գտածոներ գտնենք»,-ընդգծում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:
 
Տարածքում մեր նկարահանող խմբի գտած սեպանախշերով խեցեղենի բեկորը կհամալրի թանգարանի հավաքածուն. քիչ հանդիպող բացառիկ նմուշ է: «Կարմիր բլուր» հնավայրն աշխարհին նոր ու հետաքրքիր դեռ շատ բացահայտումներ կարող է անել ու պատմել ավելին, քան այսօր գիտենք, նաև դառնալ հնագիտական զբոսաշրջության զարգացման կենտրոն:
 
Կից ուղարկում ենք տեսանյութի հղումը.
 https://www.facebook.com/YerevanCityHall/posts/3779775685404867 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 132 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար