Պուտին-Փաշինյան հանդիպման գլխավոր արդյունքը


Պուտին-Փաշինյան հանդիպման գլխավոր արդյունքը

  • 08-04-2021 16:49:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 3․5 ժամվա ընթացքում հանգամանալից քննարկել են բոլոր հարցերը, բայց փաստաթղթեր չեն ստորագրել։ Դա, թերեւս, այդ հանդիպման գլխավոր միտքն է եւ իրավիճակի լիարժեք նկարագիրը։
 
Հայ քաղաքագետները գրեթե միաձայն ասում են, որ Մոսկվայում յարլիկ ստանալու ժամանակներն անցել են, եւ 2020 թվականի աշնանային պատերազմը վերջին մեխն էր «ռուս-հայկական երդվյալ բարեկամության» դագաղի կափարիչին։ Հիմա Մոսկվա այցերը եւ Պուտինի հավանությունը Հայաստանում դիտարկվում են ոչ թե որպես բոնուս, այլ հակառակ արձագանք են առաջացնում։ Մոսկվայի աջակցությունը մինուս է դարձել հայ քաղաքական գործիչների համար, պնդում են շատ քաղաքագետներ։ Նրանք ասում են, որ Հայաստանում «ընտրազանգվածը մեծամասամբ ռուսամետ չէ»։
 
Այս առումով կարելի է նկատել, որ հայ քաղաքական գործիչներն անհուսալիորեն հետ են մնացել ընտրազանգվածից։ Անգամ իշխանության եւ ընդդիմության հանրահավաքների նկատմամբ ընտրողների անտարբերությունն ազդանշան չդարձավ, որ առաջարկվող օրակարգն արդիական չէ հանրության համար։ Քաղաքագետներն ասում են, որ հայ ընտրազանգվածը փոխվել է, այն այլեւս ռուսամետ չէ, պատասխաններ է պահանջում պատերազմի, Ռուսաստանի դերի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ նրա կապերի, Հայաստանի հետ բարեկամության անկեղծության, Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու կարողության վերաբերյալ։ Այս իրավիճակում նորից առաջարկել ավելի խորը բարեկամություն Ռուսաստանի հետ ու Պուտինի հավանությունը՝ նշանակում է կամ քաղաքական անգրագիտություն, կամ էլ հանրային կարծիքի անտեսում եւ այլ ճանապարհով իշխանության գալու մտադրություն։
 
Ժամանակն է, որ քաղաքական գործիչները գոնե մի հարցում կոնսենսուսի գան՝ յառլիկի համար Մոսկվան չգնան եւ Ռուսաստանը չներկայացնեն որպես միակ այլընտրանք Թուրքիային։ Դա արդեն պարզունակ ու ծիծաղելի էլ չէ, այլ նողկալի։
 
Այլընտրանք կա՝ ինքնիշխանություն ու սուբյեկտություն, որի համար Հայաստանը բոլոր հիմքերն ունի։ Սուբյեկտության դիրքից Հայաստանը կարող է տարբեր հարցերում հարաբերություններ կառուցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի, Իրանի, Վրաստանի, արաբական երկրների, անգամ Թուրքիայի հետ։ Հայաստանը կարող է միանալ Եգիպտոսին, Հունաստանին ու Կիպրոսին, որոնք ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Հայաստանը կարող է Վրաստանի ու Իրանի հետ կոմունիկացիոն պայմանագիր ստորագրել։ Տարբերակները շատ են, բայց դրանք կարող են բացվել միայն մի դեպքում՝ եթե հայ քաղաքական գործիչները դադարեն Մոսկվա գնալ յառլիկի համար։
 
Հայ «ընտրազանգվածը» չափից շատ կորուստ է կրել՝ հերթական անգամ խայծը կուլ տալու համար։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը