Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն

09-04-2021 16:20:37   | Հայաստան  |  Քաղաքական



««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում:
 
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է բարձրացնել զինվորական
ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:
 
Կառավարությունն առաջարկել է սպայական եւ շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր: Ըստ այդմ՝ գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար՝ 50-ը 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Կառավությունն առաջարկել է համաչափորեն բարձրացնել նաեւ պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 եւ 58-ից 60 տարեկան:
 
Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանի՝ գործադրի ներկայացրած առաջարկների վերաբերյալ առարկություններ չունեն:
 
Պատգամավորը նշեց, որ կան քաղաքացիներ, որ անհամբեր սպասում են օրենքի ընդունմանը:
 
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը շատ կարեւոր ու հրատապ է եւ պաշտպանության առումով լուրջ խնդիր է լուծում: Նա հորդորեց դրական եզրակացություն տալ օրինագծին:
 
Պատգամավորի հորդորն ընդունվեց, եւ օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 59 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար