Ֆիլհարմոնիկը մեկնարկում է «ԴՈ-ից ՍԻ» երաժշտական ծրագիրը երեխաների համար
09-04-2021 20:26:03 | Հայաստան | Մշակույթ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը՝ «ԴՈ-ից ՍԻ» խորագրով:
Ապրիլի 12-ից, ամեն երկուշաբթի, ժամը՝ 15։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը իր հյուրընկալ դռները կբացի բոլոր դպրոցականների առջև, ովքեր կարևորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցումը, ցանկանում են բացահայտել դասական նվագախմբային երաժշտության ստեղծման գաղտնիքները:
«ԴՈ-ից ՍԻ» համերգային-կրթական ծրագրի ժամանակ նվագախմբի երաժիշտներն ու դիրիժորը կստեղծեն մի առանձնահատուկ մթնոլորտ, որտեղ երեխաները կկարողանան լսել, վայելել դասական երաժշտությունը։ Համերգի դիրիժորը արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանն է:
Ծրագրում՝ Ա. Խաչատրյան «Վալս», Մոցարտ՝ Նախերգանք «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից, Յ. Ս. Բախ՝ Արիա Թիվ 3 սյուիտից, Կ․ Խաչատրյան՝ հատվածներ «Չիպոլինիո» բալետից, Կլաուս Բադելտ՝ «Կարիբյան ծովի ծովահենները»:
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Dasaran կրթական ծրագրի հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրին անվճար հիմունքներով կարող են մասնակցել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի միջոցով: Համերգին կարելի է մասնակցել նաև՝ ձեռք բերելով տոմսեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից։
Ֆիլհարմոնիկ նվագախումբը իր գոծունեության ընթացքում միշտ կարևորել է երեխաների համար նախատեսված ծրագրերը: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի առաջին համերգը կայացել է 1947թ.-ին, իսկ առաջին համերգ-դասախոսությունը՝ 1950թ.-ի հունվարի 31-ին՝ Գլինկայի և Դարգոմիժսկու ստեղծագործությունների վերաբերյալ: Այդ ավանդույթը շարունակել է նաև Ֆիլհարմոնիկի ներկայիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ տևական ժամանակ, երաժշտագետ Արմեն Բուդաղյանի մասնակցությամբ, համերգների և զրույցների միջոցով բացահայտելով դասական երաժշտության գաղտնիքները:
Ապրիլի 12-ին մեկնարկող «Դո-ից Սի» ծրագիրը կշարունակի «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ի ավանդույթները նոր, ժամանակակից գույներով և շնչով:
Ֆիլհարմոնիկի այս տարվա կրթական ծրագրերի մեջ է մտնում նաև Լեոնարդ Բերնսթայնի “Young People's Concerts” համերգաշարի հեռուստացուցադրությանը, որի իրավունքները ձեռք են բերվել վերջերս: Այս համերգաշարի միջոցով դիրիժորը նվագախմբի հետ միասին գրավիչ կերպով փոքրիկ ունկնդիրներին բացահայտում է դասական երաժշտության գաղտնիքները: