ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

09-04-2021 18:06:42   | Հայաստան  |  Հասարակություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է
ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ:
 
Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև շարունակական երկխոսության կարևորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը բարելավելու և մրցունակ դարձնելու համատեքստում»: 
 
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա: 
 
ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ  աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար: 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև
հետագա ծրագրերի շուրջ:  Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարևորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման և տնտեսական բարեկեցության կարևոր գործիքներից է:
 
Արծարծվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար:
 
Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և  հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 92 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար