Հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է, հավաստիացնում է դեսպան Կոպիրկինը. Ազատություն ռ/կ


Հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է, հավաստիացնում է դեսպան Կոպիրկինը. Ազատություն ռ/կ

  • 12-04-2021 15:15:41   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Սերգեյ Կոպիրկինի պնդմամբ՝ այդ ուղղությամբ համառ աշխատանք է իրականացվում։

«Գիտեք, այդ մասին խոսում է մեր ղեկավարությունը։ Հարցը մեր առաջնահերթություններից է՝ և՛ Ռուսաստանի ղեկավարության, և՛ խաղաղապահ կոնտինգենտի։ Համառ աշխատանք է տարվում, կան որոշակի առաջխաղացումներ, դուք գիտեք։ Մի քանի անգամ գերիներ վերադարձվեցին։ Աշխատանքը շարունակվում է», - Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը:

Հայ գերիների հերթական խմբի վերադարձը հայրենիք անցած շաբաթ՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո էր սպասվում, տեղեկությունը հաստատել էին կառավարությունից` չնշելով, սակայն, թե քանի գերի պետք է վերադարձվի։ Ապրիլի 8-ին «Էրեբունի» օդակայան ինքնաթիռը դատարկ էր ժամանել, պաշտոնապես սակայն չհայտարարվեց, թե արդյոք մոսկովյան հանդիպմանը Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել էին, թե ոչ։ Պաշտոնական Բաքուն էլ հայտարարեց, թե գերիների հարցը փակված է, և Ադրբեջանում պահվող անձինք ռազմագերիներ չեն։

ՌԴ դեսպանն այսօր պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին չարձագանքեց. «Ինձ դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը։ Ինչքանով ինձ հայտնի է՝ աշխատանքը շարունակվում է»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են՝ հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց, և հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգ՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։

Հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով այսօր Եվրոպական խորհրդարանում քննարկում է սպասվում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացմամբ՝ այդ քննարկմանն ինքը հատուկ զեկույցով է հանդես գալու։

Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

 

Նոյյան տապան  -   Քաղաքական