ԱԶԲ-ը 1.3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին

12-04-2021 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն



Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն (ՏԱ), որն ուղղված է սատարելու Հայաստանի Հանրապետությանը՝ հողի սեփականության և
այլ աշխարհագրական ստանդարտացված տվյալների կառավարման և պահպանման թվային հարթակի մշակման գործում։
 
ՏԱ-ի շրջանակներում միջազգային փորձագետները կսատարեն ՀՀ կառավարությանը՝ աշխարհատարածական տվյալների հարթակի մշակման գործում, որը կծառայի ամբողջ երկրում հողօգտագործման և գույքի սեփականության, ինչպես նաև այլ կադաստրային տվյալների մասին տեղեկությունների պահպանմանը, ինտեգրմանը և կառավարմանը։  ։ Համաշխարհային լավագույն փորձի կիրառմամբ՝ ՏԱ-ն նաև կօգնի մշակել տարածական տվյալների հավաքման և համօգտագործման գործողությունները կանոնակարգելու չափորոշիչները՝ ապահովելով այս տեղեկությունների դյուրին հասանելիությունը կենտրոնական և տեղական կառավարման մարմինների համար։
 
«Հայաստանում հողային ռեգիստրի գրանցումները և այլ կադաստրային տվյալների մեծ մասը ներկայումս պահպանվում և կառավարվում է թղթային տարբերակով, ինչը սահմանափակում է կառավարության՝ անշարժ գույքի կառավարման և գնահատման, ինչպես նաև այս հողերի բնական, տնտեսական և իրավական կարգավիճակի գրանցման հնարավորությունները», - ասաց ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ «Աշխարհագրական տվյալների միասնական
հարթակը տարբեր գերատեսչություններին կտա տեղեկությունների համօգտագործման հնարավորություն՝ բարելավելով հողային ռեսուրսների կառավարումը և հանրային ծառայությունների մատուցումը»։
 
Ներկայում թվային, ճշգրիտ կադաստրային քարտեզների բացակայությունը նաև հանգեցնում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման բարդույթունների։ Ճանապարհաշինական ծրագրերում այնպիսի ծրագծերի ընտրությունը, որոնք նվազագույնի կհասցնեն հավանական ազդակիր անձանց վերաբնակեցման անհրաժեշտությունը, հաճախ բարդանում է ճշգրիտ կադաստրային տվյալների բացակայութմաբ։ Գործնականում հողի ձեռքբերումը հաճախ ձգձգվում է, արդյունքում կապալառուները շինարարական աշխատանքների վայրին լիարժեք հասանելիություն չեն ունենում։ Ստորգետնյա կոմունալ ենթակառուցվածքները, օրինակ՝ ջրամատակարարման կամ կոյուղաջրերի հեռացման խողովակները հաճախ հարկ է լինում տեղափոխել, եթե ծրագրային  աշխատանքները մեկնարկած են լինում ոչ ճշգրիտ կամ հնացած քարտեզների հիման վրա։
 
«Հողերի մասին թափանցիկ և ճշգրիտ տեղեկատվության հեշտ և հեռավար հասանելիություն տրամադրող մեկ միասնական ինտեգրված հարթակի բացակայությունը բացասաբար է անդրադառնում անշարժ գույքի շուկայի զարգացման և հողօգտագործման քաղաքականության մշակուման և իրականացման արդյունավետության վրա», - ասում է Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ «Մենք գնահատում ենք ԱԶԲ-ի կողմից Հայաստանին շարունակաբար տրամադրվող աջակցությունը, ինչը համապատասխանում է կառավարության՝ ինտեգրված թվային կադաստր մշակելու հայեցակարգին։ Սա ավելի ներառական, բարգավաճող և դիմակայուն տնտեսություն կառուցելու մեր ընդհանուր տեսլականի մի մասն է»։
 
Միասնական հարթակում կներառվեն տեղեկություններ հանրապետության ջրային ռեսուրսների և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմական և մշակութային հուշարձանների մասին։ Այս տեղեկությունները կողմնորոշիչ դեր կունենան, ի թիվս այլոց, ծրագրերի մշակման, ներդրումների, գյուղատնտեսական գործունեության և տուրիզմի զարգացման համար։ Այստեղ կներառվեն հողօգտագործման մասին գենդերային տարաբաշխմամբ տվյալներ՝ այս կերպ կառավարությանը հնարավորություն ընձեռելով պլանավորել և վարել զարգացման այնպիսի հայեցակարգեր, որից հավասարապես կօգտվեն թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։
 
Հարթակը հնարավորություն կտա քարտեզագրել կլիմայի փոփոխությունների և բնական աղետների, ինչպես օրինակ երկրաշարժերի ենթակա և խոցելի տարածքները։ Սա կհզորացնի կառավարության՝ կլիմայի փոփոխությունները և հողի դեգրադացիան մշտադիտարկելու և դրանց արձագանքելու կարողությունը։
 
ՏԱ-ն կֆինանսավորվի մի քանի դրամաշնորհներով․ Կորեայի Հանրապետության էլեկտրոնային Ասիա և գիտելիքների գործընկերության հիմնադրամը կհատկացնի 500,000 ԱՄՆ դոլար,  Բարձր տեխնոլոգիական հիմնադրամը՝ 800,000 ԱՄՆ դոլար։ Երկու դրամաշնորհներն էլ կկառավարվեն ԱԶԲ-ի կողմից։ Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կավարտվի 2024թ․ սեպտեմբերին։
 
ԱԶԲ-ն նպատակն է ձևավորել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն զարգացող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ միևնույն ժամանակ շարունակելով ծայրահեղ աղքատությունն ամատախիլ անելու ուղղությամբ իր ջանքերը։ 1966թ․ հիմնված ԱԶԲ-ն պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ն վերոնշյալ տարածաշրջանից են։
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 68 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար