Ով պետք է ապահովի անվտանգությունն Արցախում


Ով պետք է ապահովի անվտանգությունն Արցախում

  • 12-04-2021 15:45:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցները նյութեր են նախապատրաստել Սարուշեն գյուղում միջադեպի վերաբերյալ ու փոխանցելու են ռուս խաղաղապահներին, հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
Ապրիլի 7-ին օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից թուրքերը կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ 65-ամյա Շիրին Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Հարությունյանի ուղղությամբ:
 
Սա առաջին միջադեպը չի Արցախում հրադադարի հաստատումից հետո։ Մի քանի օր առաջ Կարմիր շուկայում եւ Լաչինի ճանապարհին քարեր են նետել հայկական համարներով մեքենաների վրա։
 
Հատկանշական է, որ նյութերը փոխանցվում են ռուս խաղաղապահներին։ Ռուսական զորքն ունա՞կ է ապահովելու Արցախում անվտանգությունը։ Հայաստանն ի՞նչ կարող է ձեռնարկել, եթե դադարել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ավելին՝ փաստացի կազմալուծում է բանակը։
 
Արցախի նախագահի հետ կայացած վերջին հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում եւ նրա շուջ իրավիճակը Ռուսաստանի հետ նախագահի բանակցությունների օրակարգի կարեւորագույն կետերից մեկն էր։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն այսօր անվտանգության ու կայունության ապահովման գլխավոր դերակատարն են։
 
Արցախի նախագահը եւս ընդգծել է Ռուսաստանի ու նրա նախագահի բարձր դերը հրադադարի ձեռքբերման եւ Ղարաբաղում հետպատերազմական անվտանգության ու հանդարտության ապոհովման գործում։ Նա նշել էր, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ անհրաժեշտ է համակարգում Արցախի սոցիալ-տնտեսական հարցերի լուծման, պատերազմի հետեւանքները հաղթահարելու գործում։
 
Հայաստանն ու Արցախը քննարկում են բացառապես սոցիալ-տնտեսական հարցեր, իսկ անվտանգությունն ամբողջությամբ «պատվիրակվել է» ռուս խաղաղապահներին։ Բաքուն բաց տեքստով ասում է, որ ցանկացած պահի կարող է պահանջել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերում․ հիշեցնենք, որ Բաքուն չի ստորագրել խաղաղապահների մանդատը։
 
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյա Ջորջ Քենթը նշել է, որ սպասում է ադրբեջանական իշխանությունների դժգոհության աճը, որ ռուս խաղաղապահները երկարաժամկետ են մնում Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում, նկարագրելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, նա ըստ էության մեղադրել է Ռուսաստանին կարգավորումը ձգձգելու ցանկության մեջ։
 
Նրա խոսքով, Մինսկի խումբն առանցքային է մնալու այն չափով, որքանով երկու երկրները պատրաստ կլինեն լիազորելու մեխանիզմին՝ օգնելու հասնել համաձայության։ «Ռուսաստանը որոշել է հրադադարի ձեռքբերմանը հասնել ոչ Մինսկի խնբի համանախագահների մեխանիզմի միջոցով։ Նա դա ուղիղ է արել, եռակողմ ձեւաչափով», – ասել է ամերիկացի դիվանագետը։
 
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են դրական դերակատարում ունենալ այս հարցերում: Կարասինը ոչ մի բառ չի ասել Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասին»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play