Գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն ռազմավարական չէ. Գիտուժ


Գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն ռազմավարական չէ. Գիտուժ

  • 12-04-2021 17:35:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կառավարության որոշմամբ գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն բացարձակապես ռազմավարական չէ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Գիտուժ» նախաձեռնությունը՝ Կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների ավելացման կապակցությամբ։ 
 
«Գիտուժ»-ը համարում է, որ ընթացիկ տարում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների 2 մլրդ դրամով ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհամապատասխան է գիտության առջև ծառացած խնդիրներին և կրում է ընդամենը մարտավարական բնույթ։ Այդ որոշման իրականացումը կբերի առկա գիտական ներուժի կորստի մասնակի կանխարգելման, մասնավորապես հնարավոր կլինի իրականացնել գիտական սարքավորումների շատ փոքր մասի թարմացում և որոշ դրամաշնորհային ծրագրեր:
 
Մտահոգիչ է, որ առանց հիմնավորման հետաձգվում են գիտության երիտասարդացման համար անհրաժեշտ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բազային աշխատավարձերի մրցունակ սանդղակի ներդրումը և գիտական սարքավորումների լիարժեք թարմացումը, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի օր առաջ ներգրավման ծրագրերը: 
 
Ավելին, ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը, որտեղ ի տարբերություն դեռ գործող օրենքի, հանվել է գիտության համար հատկացումների նվազագույն շեմը: Թեև մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ի ամբիոնից համոզվածություն հայտնեց, որ լուծումներ են գտնվելու հատկացումների աճն ամրագրելու համար, սակայն մինչ այսօր օրենքով ամրագրմանը համարժեք այլընտրանքային մեխանիզմներ առաջարկված չեն: 
 
«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության և ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումը արգելակող խնդիրներին, քանի որ հավակնոտ չեն և չեն պարունակում երկարաժամկետ հանձնառության ամրագրում։ 
 
Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը, երբ իշխանությունները պետք է վեր կանգնեն իրավիճակային, քաղաքական, տնտեսական և այլ նկատառումներից, և ռազմավարական վերաբերմունք ցուցաբերեն գիտական ներուժի պահպանման ու զարգացման խնդրին՝ հստակ քայլերով և ամրագրումներով։ Մինչ դրան հասնելը «Գիտուժը» շարունակելու է ներկայացնել իր պահանջները և հետևողականորեն առաջ է տանելու իր պայքարը, քանի որ խոսքը գնում է Հայաստանի համար գոյաբանական հարցի մասին։  
 
Պատրաստ ենք համագործակցել օրենսդիր և գործադիր մարմինների հետ կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ։  
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ