Ճգնաժամից միասնական ջանքերով դուրս գալը օրվա հրամայական է


Ճգնաժամից միասնական ջանքերով դուրս գալը օրվա հրամայական է

  • 12-04-2021 17:50:32   | Հայաստան  |  Քաղաքական

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը շարունակում է մարզային այցերը, որտեղ բնակչության հետ քննարկում է առկա խնդիրներն ու դրանց լուծումները: Հերթական այցը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր:
 
«Մեզ համար առաջնային է այս պահին այս ճգնաժամից դուրս գալը և դա պետք է լինի միասնական ջանքերով՝ յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, կատարի իր աշխատանքը: Եկել է ժամանակը, որպեսզի քաղաքական ուժերը հանդես գան այս ճգնաժամից դուրս գալու իրենց հստակ տեսլականով»,- դիմելով հնադիպման մասնակից ավելի քան հարյուր աբովյանցիներին ասաց կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
 
Նրա խոսքով, դրան զուգահեռ քաղաքական ուժերը պետք է ամրապնդեն հետադարձ կապը նաև բնակչության հետ, հատկապես մարզերում, որպեսզի վերջիններիս խնդիրները դուրս չմնան օրակարգից: Ղուկասյանը շեշտեց՝ քաղաքացիները պետք է ավելի ակտիվ լինեն իրենց տեսակետն ու տեսլականը քաղաքական գործիչներին ներկայացնելու հարցում և այս կարգի հանդիպումները հենց այդ նպատակն են հետապնդում:
 
ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, ներկայացնելով կուսակցության անցած ճանապարհն ու իրականացրած ծրագրերը, շեշտադրեց ներկայիս ճգնաժամից դուրս գալու հարցում երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը: Նա ընդգծեց նաև երիտասարդների զբաղվածության հարցի լուծումը, ինչը թույլ կտա վերջիններիս մնալ մարզում ու զարգացնել այն:
 
«Այս հարցի կոնտեքստում ևս չափազանց կարևոր է երկրում սոցիալական արդարության մթնոլորտի հաստատումը»,- ընդգծեց նա:
Կոստանյանը հիշեցրեց նաև, որ կուսակցությունը տարիներ շարունակ, այդ թվում և բողոքի ակցիաների միջոցով, պահանջում է իշխանություններից նվազեցնել վարկային տոկոսադրույքները, անվանելով դրանք ուղղակի թալան և շեշտեց, որ քաղաքական ուժի համար դա այսօր էլ օրակարգային առաջնահերթություն է:
 
Կուսակցության խորհրդի անդամ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ իր ելույթում կոնկրետ անդրադարձավ Կոտայքի մարզի խնդիրներին: Նրա խոսքով, եթե Աբովյան քաղաքում զբաղվածության հարցն ու սոցիալական շատ հարցեր այդքան էլ սուր չեն, ապա նույնը մարզի մյուս համայնքների մասին ասել չի կարելի: Եվ գյուղերում առկա խնդիրները ոչնչով չեն տարբերում Հայաստանի այլ մարզերի համայնքային խնդիրներից:
 
Սա կուսակցության մարզային երկրորդ այցելությունն էր, նախորդը Արմավիրի մարզն էր:  Հիշեցնենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ստեղծվել է 2016 թվականին:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական