Քաղաքական 5 ուժեր պահանջում են, որ նախագահը ստորագրի ԸՕ փոփոխությունների նախագիծը


Քաղաքական 5 ուժեր պահանջում են, որ նախագահը ստորագրի ԸՕ փոփոխությունների նախագիծը

  • 12-04-2021 21:03:11   | Հայաստան  |  Քաղաքական

5 կուսակցություններ հայտարարություն են տարածել որով պահանջում են Հանրապետության նախագահից ստրոագրել ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:
 
«2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով: Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգը աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, և այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից:
 
Այս հարցը, թերևս, վերջին տարիներին ամենաշատը քննարկված օրենսդրական փոփոխություններից մեկն է: Ավելին, հարկ ենք համարում արձանագրել, որ «ռեյտինգային» ընտրակարգը նաև շեղվում էր Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, ինչը արձանագրել են թե՜ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ, թե՜ փորձագետներ և թե՜ Վենետիկի հանձնաժողովը՝ դեռևս սկսված 2016 թվականից:
 
Թեև ներքոստորագրյալ կուսակցություններն ունեն տարբեր կարծիքներ կապված ընտրությունների կազմակերպման հետ, սակայն փաստում ենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա: Միաժամանակ, համարում ենք, որ մարտ ամսին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք այլ կարևորագույն առաջարկներ, որոնց ընդունումը ևս կխթանի առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցության քաղաքական բաղադրիչի աճը:
 
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ համարում ենք, որ Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում, Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածը (այդ թվում՝ ընտրական հանցագործությունների խստացումը)՝ ապահովելու ընտրությունների անցկացումը առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում:
 
Սույն հայտարարությունը ստորագրում են հետևյալ քաղաքական ուժերը․
 
«Արդար Հայաստան» կուսակցություն
 
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
 
«Հանրապետություն» կուսակցություն
 
«Հանուն Հանրապետության» կուսակցություն
 
Միավորված Աշխատանքային կուսակցություն»: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական