ՍԴ-ն մերժեց Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ ԲՀԿ-ի դիմումը. նա հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվել էր «ժեխ» բառի համար
13-04-2021 14:58:48 | Հայաստան | Իրավունք
Սահմանադրական դատարանը որոշել է, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը։
Այս մասին հայտնում է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը, գրում է Հայկական ժամանակը:
Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովը դադարեցրել էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագծին փակ գաղտնի քվեարկությամբ կողմ էր քվեարկել՝ 78, դեմ՝ 4 պատգամավոր:
«Իմ քայլը» խմբակցության որոշմամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ էր դրվել Զոհրաբյանի լիազորությունները որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դադարեցնելու մասին նախագիծ:
Խմբակցությունը նման նախագծի ներկայացումը հիմնավորում էր Զոհրաբյանի՝ այդ պաշտոնում հետագա պաշտոնավարումը շարունակելու անհնարինությամբ:
Հիմնավորման առաջին կետում նշվել էր, որ սույն թվականի դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ եղել է նաեւ այսպիսի հատված. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քոնմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։