Երգիչ Ռոբ Ավալյանը երկար լռությունից հետո կրկին նոր երգերով հանդես կգա
13-04-2021 16:13:36 | Հայաստան | Մշակույթ
Երգիչ Ռոբ Ավալյանն, ով տարիներ առաջ երաժշտական ակտիվ գործունեություն ծավալեց, նոր երգերով կներկայանա նաև մոտ ժամանակներում: Հանդիսատեսը հատկապես հիշում է նրա «Կանչը կռունկի» երգն ու տեսահոլովակը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս երգից հետո նա «Տարվա հայտնություն» մրցանակը ստացավ: Նրա առաջին տեսահոլովակը՝ «Առանց քեզ», արժանացավ «Տարվա լավագույն պրեմիերա» մրցանակին:
Հաճախ հանդես է գալիս հայտնի երգերի cover կատարումներով, նաև մասնակցել է տարբեր մրցույթների: Առաջին մեծ մրցույթը նրա համար 2012 թվականին Հայաստանի X-Facto-ն էր, որտեղ հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ: Այս հետաքրքիր փորձից հետո, նա մեկնեց բնակվելու Կիև քաղաքում, արդեն 2017-ին մասնակցեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի նախընտրական փուլին, և , ի ուրախություն իրեն, հրավիրվեց Երևան՝ մրցույթի եզրափակչին մասնակցելու համար:
Ռոբ Ավալյանը դեռ մանուկ հասակից է եղել արվեստի բնագավառում՝ 5 տարեկանից զբաղվել է լատինոամերիկյան պարերով: Չնայած լավ պարող լինելուն և իրավաբանի կրթությանը՝ Ռոբերտը միշտ սիրել է երգել, ինչը նրան ուղեկցել է նաև համերգների ժամանակ բեմում պարելիս: Երգի հանդեպ սերը նրան 2008-ին տարել է Հայաստանի երգի պետական թատրոն: Զինվորական ծառայությունից հետո նա սկսկել է իր երաժշտական կարիերան: Իր լավ ընկերներից մեկը՝ երգչուհի Նարե Գրիգորյանը, նրան ծանոթացրել է մի հրաշք վոկալիստի՝ Մարան Կարապետյանի հետ, ում հետ մինչ օրս՝ արդեն 9 տարի, պարապում է:
Ռոբ Ավալյանն արդեն 4 տարի է, ինչ մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում: Այս տարիների ընթացքում շարունակել է երգել այնտեղի հեղինակավոր ակումբներում, որտեղ համերգային երեկոներ են ունենում նաև Ռուսաստանի հայտնի երգիչները: Հայ հանդիսատեսի համար դադարից հետո կան անելիքներ՝ առաջիկայում սպասվում են նրա նոր երգերն ու տեսահոլովակները։