ԱԺ պատգամավորները խոսել են Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ


ԱԺ պատգամավորները խոսել են Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ

  • 13-04-2021 17:15:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 13-ին Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Ինչպես հայտնում են ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից, օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները դատապարտող ելույթներ ունեցան` անդրադառնալով Բաքվի ցուցահանդես-պուրակի բացմանը, որը վերաբերում էր 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմին: Պուրակում հայկական զինվորական տեխնիկայի հետ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:
 
Նազելի Բաղդասարյան. Սա թերեւս ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաեւ համամարդկային արժեքներին, որովհետեւ հայատյացության այն բարձր մակարդակը, որ Ադրբեջանի քաղաքականության անժխտելի ու անբաժան մասն է, ի ցույց դրվեց ամբողջ աշխարհի:
 
Գոռ Գեւորգյան. Ցուցահանդեսը ոչ այլ ինչ է, քան համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսեւորում: 21-րդ դար մտած, բայց նախամարդուն բնորոշ ու վայրագ բարքեր դավանող Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց հակահայկական քաղաքականությունը, որը սպառնում է նաեւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:
 
Արման Բաբաջանյան. Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն ամենաանկեղծ խոսքն էր, որը մինչ այժմ լսել ենք նրանից: Նա խոստանում է ջարդել բոլոր բարձրացվող գլուխները, որոնք կմտածեն ռեւանշի մասին: Սա կասկած չի թողնում առ այն, որ գերեվարված հայ զինծառայողներն իրականում պատանդներ են:
 
Վլադիմիր Վարդանյան. Պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ որեւիցե արտառոց բան տեղի չի ունեցել, եւ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, կոչվում է սովորական ֆաշիզմ: Այո՛, Ադրբեջանում ձեւավորվել է ռասիստական աշխարհակարգ. այնտեղ առկա են բոլոր չափանիշները, որոնք թույլ կտային այդ պետությանը դասելու ռասիստական պետությունների շարքին: Կրկին ապրիլին՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, ցեղասպանական նպատակն իրագործվում է:
 
Արման Աբովյան. Կարծում եմ կարելի է դիսկուրսը փակված համարել: Թշնամի՞ են Թուրքիան եւ Ադրբեջանը, թե ոչ: Այո՛ թշնամի են, վաղեմի թշնամի եւ բարբարոս պետություններ: Իրենք են գեներացնում ատելություն դեպի մեզ:
 
Տարոն Սիմոնյան. Եթե հակառակորդը սխալներ է գործում, ապա պետք է թույլ տաք, որ այդ սխալները շարունակի եւ դրանից ժամանակին օգուտ քաղեք: Միակ խնդիրը մնում է այն, որ մենք մեր վարքագիծը պետք է ճիշտ կազմակերպենք, որպեսզի հետագայում անհրաժեշտ պահին կարողանանք մեր առջեւ դրված խնդիրը լուծել:
 
Էդմոն Մարուքյան. Մեզ ի՞նչ է թվում, որ մեր խորհրդարանում դատապարտող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությու՞ն է ունենում Ադրբեջանի վրա: Նայելու են եւ ասեն, որ մի պուրակ բացելով՝ մի ամբողջ երկիր խառնվել է իրար: Իսկ ինչ էինք անում մենք, որ այդ պուրակները չբացվեին:
 
Արման Եղոյան. Երեկ երեկոյան ես եւ ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցում էինք Հայ դատի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի մեր գործընկերների կազմակերպած եւ բավականին ընդգրկուն մի վեբինարի: Դրա ընթացքում մանրամասն ներկայացրել ենք վերջին ամիսներին տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձ է կատարվել Բաքվում բացված թանգարան կոչվածին: Ուստի, եկեք արտաքին դաշտում մենք գործենք միասնական, արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքին հաշիվներ պարզելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն