Եթե ԱՄՆ նախագահն ասի «Ցեղասպանություն», ԱՄՆ-ում շատ մեծ իրավական գործընթաց է սկսվելու. ակադեմիկոս
13-04-2021 21:35:00 | Հայաստան | Քաղաքական
44 օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը մինչև սեպտեմբերի 27-ի պետականությունը չէ, և մեր հետագա զարգացման համար սա կարևոր արձանագրում է։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը։
Անդրադառնալով Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցից առաջ եղած սպասումներին, հատկապես՝ ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի արտաբերմանը՝ նա նշեց. «Եթե ԱՄՆ նախագահն ասի «Ցեղասպանություն» տերմինը, ԱՄՆ-ում շատ մեծ իրավական գործընթաց է սկսվելու, քանի որ վերաբացվելու և բարձրացվելու են Ցեղասպանության հետևանքով տուժածների ժառանգորդների ունեցվածքի ու պահանջատիրության հարցը, իսկ մենք գիտենք, որ Թուրքիան ստեղծվել է հիմնականում հայերի ունեցվածքի վրա։ Իսկ այս հարցը միջազգային իրավունքի հիման վրա դրվելու է և՛ Թուրքիայի կառավարության, և՛ ՌԴ-ի առջև՝ որպես բոլշևիկյան պետության իրավահաջորդ»,- ասաց ակադեմիկոսը։
Ակադեմիկոս Արտաշես Միքայելյանն էլ նկատեց, որ դեռ նախորդ դարում Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանը դարձրել էին առուծախի առարկա, և Հայաստանի տարածքը վաճառելով՝ կայացրել իրենց պետությունները։ «Մեզ համար այդ ողբերգությունը շարունակվել է ընդհուպ մինչև 2020 թվականի պատերազմը, և Թուրքիան կրկին առաջ է տարել հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը։ «Չկա հայ, չկա Հայաստան». նրանք միշտ շարժվել են այս մոտեցմամբ, և Արցախյան պատերազմն էլ դրա ապացույցն է»։
Միքայելյանը նկատեց, որ հայոց պետականության ամրապնդման համար մենք պետք է ստեղծենք ազգային քաղաքականություն և դրա իրագործման համակարգ ու մեխանիզմներ, ամրակայենք մեր պահանջատիրական զգամունքը. «Դա մեր գոյության ամենակարևոր նախապայմանն է»։