«Ժողովրդավարական համախմբում»-ը պնդում է՝ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը


«Ժողովրդավարական համախմբում»-ը պնդում է՝ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը

  • 14-04-2021 17:25:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
 
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՏԱ նախարարությունը մշտապես աշխատանքներ է տարել հայկական արբանյակի թողարկման ուղղությամբ, ինչպես նաև նշեց, որ այն երկարաժամկետ գործընթաց է:
 
Վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: 
 
ԲՏԱ նախարարության կողմից չի իրականացվել նույնիսկ անհրաժեշտ նվազագույն աշխատանք՝ ուղղված հայկական արբանյակի թողարկմանը, որը ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն: Ավելին, հայկական արբանյակի թողարկումը ներառված է եղել միայն 2013 և 2014թթ. կառավարության ծրագրերում: 
 
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից ՀՀ-ին հատկացված է եղել դիրք գեոստացիոնար ուղեծրում, որի շրջանակներում Հայաստանը շուրջ 3 տարուց ավելի` մինչև 2016թ. ներառյալ, իրականացրել է կոորդինացման աշխատանքներ (ՀՄՄ) անդամ պետությունների (ադմինիստրացիաներ) հետ, որը գրեթե հասցված է եղել ավարտին: Ի դեպ, սա միակ ժամանակատար գործընթացն է: Սրան զուգահեռ ՀՀ-ն նաև բանակցություններ է տարել արբանյակներ թողարկող աշխարհի լրջագույն կազմակերպությունների հետ և ստացել ամբողջական առաջարկներ (այդ թվում՝ SpaceX-ից): 
 
Հետևաբար, ցանկության դեպքում և ֆինանսական համապատասխան հատկացման պարագայում ռազմավարական այս ծրագիրը կարող էր իրականացվել առավելագույնը 1 տարվա ընթացքում: 
 
Ինչ վերաբերում է հայկական արբանյակի սպասարկման տարեկան ծախսերին, ապա արդյունավետ կառավարման պարագայում այն ոչ միայն երաշխավորում է ինքնածախսածածկույթը, այլ նաև կարող է ապահովել պետության համար կայուն եկամուտ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն