Իշխանության ներկայացուցիչները ճգնաժամային վիճակ են ստեղծում ԵՊՀ-ում. Կառլեն Խաչատրյան

14-04-2021 18:32:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գոր
ծարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում են ԵՊՀ-ից։ 
 
Մասնավորապես, անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված 15 անդամների հրաժարականների հարցին, ամբիոնի վարիչը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ճգնաժամային վիճակ են ստեղծում ԵՊՀ-ում:
 
«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է ՀՀ կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք հենց կառավարության կամ նախարարության քվոտայով են նշանակված: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ 11 հոգին հենց նույն օրը՝ ապրիլի 8-ին են դիմում գրել, այնուհետև 3-ը` ապրիլի 9-ին, 1-ը` ապրիլի 12-ին: Ընդ որում,
դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Վազգեն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացածը 14-ը 1-2 տողանոց դիմումներ են գրել, որ խնդրում են դադարեցնել իրենց լիազորությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում», - ասաց Կառլեն Խաչատրյանը:
 
Վերջինս հավելեց, որ,  ըստ էության, պատճառաբանություն չկա, և ակնհայտ է, որ խորհուրդն այս դիմումների մասին երեք տարբեր նամակների միջոցով իմացել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի միջոցով. «Այդ նամակները ԵՊՀ խորհուրդ հասել են ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը, թերևս, ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել մյուս անդամների վրա ճնշում գործադրել, որովհետև համալսարանի կանոնադրությունը հստակ ամրագրում է, որ եթե 16 անդամ, այսինքն՝ անդամների 50%-ը, հրաժարականի դիմում է ներկայացնում, ապա խորհրդի լիազորություններն ավտոմատ դադարեցվում են: Բայց փաստացի այս պահին, բարեբախտաբար, կարող ենք նշել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ուղղակի մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել: Կազմակերպչական բնույթի որոշակի բարդություն է ծագել, սակայն համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները»: 
 
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է իշխանության ուզածը, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ նախորդ նիստը նույնպես տապալվեց, քանի որ օրակարգային հարցերից էր նաև ռեկտորի ընտրությունը. «ԿԳՄՍ նախարարը հայտարարել էր, որ ռեկտորի ընտրություն պետք է լինի բացառապես նոր օրենքի համաձայն՝ 9 հոգանոց խորհրդի միջոցով (5+4 սկզբունքով): Այսինքն՝ նախարարությունն ուզում է մեծամասնություն լինել խորհրդի կազմում: Այլ հիմնավորում չեմ տեսնում»:
 
Կառլեն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ անգամ այս կազմով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իրավազոր է, լեգիտիմության հարց լինել չի կարող:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 93 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար