2020 թվականին 7.6 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

14-04-2021 17:58:48   | Հայաստան  |  Տնտեսություն



2019 թվականը մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ հաջող տարի էր: 2019 թվականին մենք ունեցանք վերջին 10 տարվա համար աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ և շուրջ 63 մլրդ դրամով գերակատարեցինք բյուջեի եկամտային մասի նախապես ծրագրավորված պլանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
Ըստ նրա՝ 2020 թվականի հունվար-փետրվարին տնտեսական աճի այս դինամիկան շարունակվեց: «2020 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:
Բայց մարտից արդեն Հայաստան մուտք գործեց կորոնավիրուսը, և մեզ մոտ սկսվեց ճգնաժամային մի ժամանակաշրջան: Թվում էր, թե կորոնավիրուսը մեզ համար լինելու է 2020  թվականի վատագույն հիշողությունը, բայց սեպտեմբերին մենք ունեցանք 44-օրյա պատերազմը՝ մեզ համար ծանր հետևանքներով»,- ասաց վարչապետը։
 
Նրա խոսքով՝ վերը նշված հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում: Եվ առաջին փուլում այդ ճգնաժամային կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, որի արդյունքում այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 000 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով:
 
«Մեր տնտեսական ցուցանիշներն արդեն ասացի՝ 2020 թվականին 7.6 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել, ունեցել ենք 3770-ից ավելի մահ կորոնավիրուսից: Միևնույն ժամանակ իրականացրել ենք հակաճգնաժամային 25 միջոցառում, որոնց շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 1.1 մլն ֆիզիկական անձ, 83 000 իրավաբանական անձ: Ուզում եմ ընդգծել
նաև, որ շահառուներին, ընդհանուր առմամբ, հասանելի է եղել 239 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակում, որից պետական բյուջեի ծախսը՝ 55 մլրդ դրամ, փոխառու միջոցները պետական բյուջեից՝ 20 մլրդ դրամ: Մնացածը կառավարության խթանող քաղաքականության արդյունքում իրականացվել է բանկային համակարգի միջոցով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 105 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար