Հասել էինք մի կետի, երբ ասում էինք՝ Ադրբեջան, վերադարձնում եմ քեզ յոթ տարածքները, Ադրբեջանն ասում էր՝ ոչ, ավելին պետք է տաս. Նիկոլ Փաշինյան

14-04-2021 19:11:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Շատ է շահարկվել այն մասին,
թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 19-ին և հոկտեմբերի 19-ից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Եվ այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետև այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի: 
 
Ավելին, ասեմ նաև՝ Անվտանգության խորհրդի այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ ես չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ է տեղի ունենում:
 
Որից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով: 
 
Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և նա ասել է, մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել – սա շատ կարևոր արձանագրում է – որ ՌԴ նախագահի հետ մենք նույնկերպ ենք ձևակերպում կամ ունենք իրադրության հաղթահարման ընդհանուր ձևակերպում: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել՝ ադրբեջանցի ներքին տեղահանվածների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարց է եղել, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ: 
 
Որից հետո Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը: Երկրորդը՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, որևէ ձևով չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Եվ նաև - սա նոր դետալ է, որը ես պետք է ասեմ, նախկինում չեմ ասել այս դետալի մասին - ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ: Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք: 
 
Այս մանրամասներն ինչո՞ւ եմ նշում՝ որովհետև Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում, ըստ էության, չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման օրակարգը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, այսինքն՝ Ադերբեջանն ընդհանրապես կտրականապես մի իքս պահից հրաժարվել է օրակարգ մտցնել կամ, ավելի ճիշտ, օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»,- ասաց Փաշինյանը։ 
 
Նա նշեց, որ հենց դա է նկատի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրը, ԱԺ ամբիոնից հետևյալ հայտարարությունը անելիս և ներողություն է խնդրում մեջբերում անելու համար: «Եվ այսպես, այս նույն ամբիոնից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարել եմ. «Ըստ էության, Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին (այսինքն՝ 7 շրջանները- Ն.Փ.)՝ առանց որևէ նախապայմանի առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից: Ես ուզում եմ մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ, որ լինելու են հարցեր և հարցադրումներ՝ արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այդ իրավիճակից: Սա շատ կարևոր նյուանս է: Պիտի անեինք մի բան՝ համաձայնվեինք, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ է, ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի, և ես ուղիղ հարց եմ տալիս՝ մենք համաձա՞յն ենք այսպիսի լուծման: Եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»: Եվ այս հայտարարությունն արել եմ պատգամավոր Ուրիխանյանի հարցին ի պատասխան: 
 
Ինչո՞ւ եմ ես այսպես դրել հարցը: Որովհետև մենք, մեր իշխանությունը, մեր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը – այո՛, պիտի արձանագրենք - ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում: Ի՞նչ հիմքեր ունեմ՝ նման պնդում անելու: Այս մասին են վկայում, սա ապացուցվում է 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած 2 հայտարարությունները:        
Այդ օրը, պատասխանելով Կարեն Բեքարյանի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց, ավելի հստակ ասած,  այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»: 
 
Այդ նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Նախ պետք է ասեմ, որ Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս (բանալի բառը  այլևսն է- Ն.Փ.) գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: 
 
Մենք, ըստ էության, արդեն իսկ 2017 թվականին ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հասել էր իր կարմիր գծերին և, մի բան էլ, հատել էր այդ կարմիր գծերը: 
 
Եվ սրա մասին է վկայում 2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի՝ «Россия сегодня» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որից անում եմ հետևյալ մեջբերումը. «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու  Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայում զբաղեցված են որպես անվտանգության գոտի` այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են, անվանում են բռնազավթված` ադրբեջանական 7 շրջանները, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված, թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ
կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը»: Լրագրողը հարց է տալիս. «Այսինքն՝ հանրաքվե», Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Այո՛, հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»:  
 
Այսինքն, եկեք արձանագրենք՝ ո՞ւր ենք մենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, երբ հայկական կողմը ասում է՝ Ադրբեջան, յոթ շրջանները քեզ եմ վերադարձնում, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս: Հասկանո՞ւմ եք՝ բանակցային գործընթացը հասել է մի կետ, երբ հայկական կողմը - ընդ որում, ես ասում եմ, շատ կարևոր է, որ սա իմ մեկնաբանությունը չէ – հայկական կողմն ասում է՝ Ադրբեջան, վերադարձնում եմ, հանձնում եմ քեզ յոթ տարածքները, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պետք է տաս: Եվ սրա մասին վկայում է Սերժ Սարգսյանի ևս մեկ հարցազրույց, որը նա տվել է 2017 թվականի հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ի՞նչ է նա արձանագրում՝ «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից,  և դա հասկանալի դառավ բոլորին: Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»: 
 
Ես այս մեջբերումները արեցի՝ ցույց տալու համար, որ այն, ինչ ասել եմ պատգամավորի հարցին ի պատասխան այս ամբիոնից՝ Հայաստանի Ազգային ժողովի առաջ, ժողովրդի առաջ, դա ոչ թե իմ գնահատականն է եղել, այլ բանակցային օբյեկտիվ իրադրություն, որն ապացուցվում է բազմաթիվ փաստերով, այդ թվում՝ ձեռք բերված մեջբերումներով»,- ասաց Փաշինյանը։  
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 82 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար