«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում հերթական 10.000 ծառը կտնկվի Սևանա լճի ափին
14-04-2021 20:39:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը։
Նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 տնկի։
Նախքան ծառատունկը «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։
Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։
Աշխատանքները կմեկնարկեն 09։00-ին։Շրջակա միջավայրի նախարարությունը համայնքի բոլոր բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։
Ժամը 13։00-ին «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում կիրականացվի ծառատունկ` մասնաճյուղի տնկարանում աճեցված բարդի տեսակի տնկիներով: 5000 տնկին կտնկվի Մարտունու տեղամասում, մյուս 5000-ը՝ մարզի այլ համայնքներում։
Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։