Բուհերի մագիստրատուրայում այս տարի ընդունելություն կկատարվի մի շարք նոր մասնագիտություններով. ԿԳՄՍ նախարարություն

15-04-2021 19:55:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
Մագիստրոսի կրթական ծրագրով անվճար, առկա ուսուցմամբ հատկացվել է 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: 101 տեղ հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ թվում` 40 տեղ արտերկրի ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Մագիստրոսական 30 տեղ հատկացվել է Արցախի դիմորդներին, մնացած տեղերը բաշխվել են Հայաստանի Հանրապետությունում գործող միջպետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի, ԳԱԱ  գիտակրթական միջազգային կենտրոնի,  Կառավարման ակադեմիայի և միջպետական ծրագրերով ՀՀ-ում սովորող օտարերկրացիների միջև: Նախատեսվել է նաև 9 անվճար պահուստային տեղ:
 
Տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային գիտություններին, ֆիզիկայի, կենսաբանության, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին:
 
Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով. «Գեոմատիկա», «Ագրարային ճարտարագիտություն», «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ»,  «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և այլն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 106 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար