Ապագան ըստ Փաշինյանի ու Ալիեւի․ 4 ուշագրավ համադրում

15-04-2021 17:35:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ապագայի մասին խոսելու անհրաժեշտության մասին, իսկ դրանից մեկ օր առաջ ապագայի վերաբերյալ իր տեսլականն է արտահայտել Ալիևը։ Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները համակցված են չորս ուղղություններով․ Ղարաբաղ, հայկական բանակ, կոմունիկացիաներ և Թուրքիայի հանդեպ պահանջներ։
 
Սկսենք վերջից։ Երեկ Հայաստանի խորհրդարանում վարչապետին հարցեր չեն հնչել կապված ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության հետ։ Դա առանցքային հարց է, որը Հայաստանում զգուշորեն շրջանցվում է։
 
Ի տարբերություն Հայաստանի, թուրքերը այս հարցը չեն շրջանցում։ Ալիևը մեղադրում է Հայաստանին թուրքոֆոբիայի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մեջ։ «Ի՞նչ պետք է անի Հայաստանը առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից, վերաշարադրեն Սահմանադրությունը, ընդունեն նորը», ասել է Ալիեւը։
 
Արդյո՞ք Հայաստանի Սահմանադրության մեջ կլինեն փոփոխություններ, ըստ որոնց կճանաչվեն Թուրքիայի և Ադրբեջանի
հետ «սահմանները», ինչպես պահանջում է Ալիեւը։
 
Երկրորդ կարևոր ուղությունը բանակն է։ Երեկ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին անվտանգության հիմքում հայ-ռուսական ռազմական միությունն է, հայ-ռուսական միացյալ խմբավորման գործունեությունը և միասնական ՀՕՊ համակարգը։ «Մենք քննարկում ենք հարցեր, կապված ռուսական ռազմաբազայի հնարավորությունների ընդլայնման և Սյունիքում 102-րդ ռուսական բազայի համար հենակետ ստեղծելու հետ», նշել է Փաշինյանը։ Ներկայում Սյունիքի մարզում Հայաստանի պետական սահմանի պաշտպանությանը մասնակցում են ռուս սահմանապահներ։ Ըստ էության, վարչապետի հայտարարությունները սեփական բանակից հրաժարվելու մասին են։
 
Ալիևն անդրադարձել է Ռուսաստանի օգնությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ «Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք ռուս գործընկերներին։ Ինչու՞ է դա արվում։ Ռեւանշի ցանկացած փորձ  վճռականորեն կզսպվի», ասել է նա։ Նրա խոսքով, ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են Հայաստանի սահմանների մոտ, սակայն չկան միջադեպեր, ինչը ապացուցում է ռազմական ծրագրերի բացակայության փաստը։ Հայաստանի ինչին է պետք բանակը, հարցնում է Ալիևը։
 
Երրորդ թեման․ Ղարաբաղ։ Փաշինյանն ասում է «անջատում հանուն փրկության», որը նախատեսում է սկզբից անջատում, և միայն դրանից հետո կարգավիճակի որոշում։ Նա նշել է, որ որպես բանակցությունների առանցքային խնդիր, անհրաժեշտ է առաջ քաշել  նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը։ Առաջարկո՞ւմ է արդյոք Երևանը ապագա խաղաղության պայմանագրի մեջ ներառել  կարգավիճակի հարցը, թե՞ սկսվելու է «անջատման» անորոշ գործընթացը, ինչը ձեռնտու է Ադրբեջանին։
 
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, սակայն չի նկատում պատասխան քայլեր։ «Դեռ բաց են մնում
շատ հարցեր» , – ասել է նա։
 
Եվ չորրորդ թեման՝ կոմունիկացիաներ։ Ո՞վ է վերահսկելու Թուրքական միջանցքը, որը պետք է անցնի Հայաստանի և Իրանի սահմանով։ Ալիևը ասում է, որ չունի տարածքային պահանջներ Հայաստանի հանդեպ, և դա միայն ճանապարհ է։ Նախկինում Երևանը  հայտարարել էր, որ ցանկացած ճանապարհ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է լինի իր իրավասության տակ։ Իսկ հիմա, երբ խոսքը գնում է անվտանգության գործառույթները Ռուսաստանին փոխանցելու մասին, Հայաստանի տարածքով անցնող թուրքական միջանցքը վերահսկելու են ռուս-թուրքական ուժերը»։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 95 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար