Դատապարտում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ճնշման դրսևորում. հայտարարություն


Դատապարտում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ճնշման դրսևորում. հայտարարություն

  • 15-04-2021 22:00:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են ներկայացրել սոցիալական ցանցերում լրագրողների հանդեպ սպառնալիքների ու վիրավորանքների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 
 
«Երեկ՝ ապրիլի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Մասնավորապես՝ օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող տեքստերով:
 
Ի գիտություն ընդունելով, որ ՄԻՊ Արման Թաթոյանը մտադրություն է հայտնել այս կապակցությամբ գրություն ուղարկել ՀՀ ոստիկանություն, իսկ Անի Գևորգյանն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ արձանագրում ենք, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են լրագրողներին թիրախավորելու և նրանց հանդեպ ճնշումներ գործադրելու դեպքերը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ զանգվածային քաղաքական ակցիաների ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունում այդպես էլ չձևավորվեց քաղաքակիրթ բանավեճի մշակույթը, և առավել տարածված է մնում այլակարծությանը ատելությամբ, հայհոյախոսությամբ և սպառնալիքներով պատասխանելը։ Ավելին՝ նույնիսկ հաշվի չի առնվում անչափահասների նկարների և անձնական տվյալների ապօրինի հանրայնացման վտանգավորությունը։ Այս պայմաններում էլ ավելի հրատապ է դառնում իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունը խնդրին ու համարժեք հակազդող քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ 
 
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ճնշման դրսևորում, մանավանդ, եթե դա կապված է այնպիսի քրեորեն պատժելի արարքի հետ, ինչպիսին լրագրողին կամ նրա մերձավորին վնաս հասցնելու սպառնալիքն է։ Կարևորելով լրագրողի կողմից պետական կառույցին դիմելու նախադեպը՝ պահանջում ենք․
 
ՀՀ ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել լրագրող Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում նրան վիրավորանքներ և սպառնալիքներ ուղղած օգտատերերին։
 
Քաղաքական ուժերից և նրանց հարող խմբերից՝ առավել զսպվածություն ցուցաբերել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ, անկախ դրանց ուղղվածությունից, տարածվող գաղափարներից և տեսակետներից։ 
 
 
Հորդորում ենք լրագրողներին՝ բարձրաձայնել իրենց իրավունքների խախտման ցանկացած դեպքի մասին, ինչը կնպաստի խնդրի հանրայնացմանը և ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը»։
 
 
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն