Փաշինյանի որոշումը` մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ նա չի ընդունում իր պատասխանատվությունը մեր պարտության մեջ և մտադիր է արդարանալ. Անդրեաս Ղուկասյան


Փաշինյանի որոշումը` մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ նա չի ընդունում իր պատասխանատվությունը մեր պարտության մեջ և մտադիր է արդարանալ. Անդրեաս Ղուկասյան

  • 16-04-2021 18:33:16   | Հայաստան  |  Քաղաքական



Պատերազմից հետո ընկած այս ժամանակահատվածը, կարելի է ասել, վերածվել է նախընտրական շրջանի, և Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ԱԺ ամբիոնը՝ իր նախընտրական քարոզարշավի այդ հատվածը մատուցելու համար։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը։
 
Ըստ նրա՝ Փաշինյանի որոշումը մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ ինքը չի ընդունում իր պատասխանատվությունը մեր պարտության մեջ և մտադիր է արդարանալ, հիմնավորել իր տեսակետը՝ ինչու չի ընդունում։ «Եթե նա ընդուներ իր պատասխանատվությունը, չէր առաջադրվի։ Ենթադրում եմ, որ իր քարոզարշավի զգալի հատվածը լինելու է մեղավորների վրա մատնացույց անելը. ովքեր են մեղավոր մեր պարտության մեջ, բացի իրենից։ 
Սա բացասական ձևով է ազդում այս ընտրությունների կարևորությունների վրա և փոխում քաղաքական դիսկուրսի ուղղվածությունը։ Ունենալու ենք այն երևույթը, որ ավելի շատ  քննարկվելու է, թե ով է մեղավոր, և դրանով փորձելու են ստվերել «ի՞նչ անել» խնդիրները»,- ասաց հաղորդման հյուրը։
 
Ղուկասյանը նաև նշեց, որ այս պահին 10-ից ավելի քաղաքական ուժ հայտարարել է ընտրություններին իր մասնակցելու պատրաստակամության մասին, և  20-ից ավելի են ուժերը, որոնք մտադրություն ունեն մասնակցելու։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում 2018 թվականից հետո ընտրական համակարգը փոփոխության չի ենթարկվել. նույն մարդիկ, ովքեր զբաղեցնում էին Կենտրոկան ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնները, մինչ օրս նույն պաշտոնին են, և դժվար է ասել՝ արդար կլինե՞ն գալիք ընտրությունները։ 
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական