Մենք ավելի ուժեղ ենք լինելու այս կյանքում. հայրենիքի պաշտպան


Մենք ավելի ուժեղ ենք լինելու այս կյանքում. հայրենիքի պաշտպան

  • 16-04-2021 16:40:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում գործող պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայում, որը հիմնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի ջանքերով, շարունակվում է ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման գործընթացը: 
 
Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, վերջին պատերազմի հետևանքով վերջույթներ կորցրած տղաների համար պրոթեզները պատրաստվում են հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի կողմից: Դրանք անցնում են երկարատև պատրաստման փուլերով, որ ապահովեն այն կրողների հնարավորինս հարմարավետ քայլքը: 
 
Հոլանդացի մասնագետը նաև իր հմտություններն է փոխանցում կենտրոնի երկու ֆիզիոթերապիստներին, ովքեր մոտ ապագայում կկիրառեն պրոթեզաբանից ստացած գիտելիքներն ու կօգնեն լիարժեք կյանք վերադառնալ հայրենիքի պաշտպաններին: Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդեն պրոթեզավորվել ու շարունակում է վերականգնողական բուժումը Զինվորի տանը: Խայս Ֆան Խենթը զննում ու խորհուրդներ է տալիս արդեն պրոթեզավորման բարդ փուլով անցած բոլոր շահառուներին: 

Տասնիննամյա Արամ Արզումանյանն ութ վիրահատություն է տարել, որից հետո անցել երկու ոտքերի պրոթեզավորման գործընթացը: «Պրոթեզներով քայլելու գործընթացն ավելի դժվար էի պատկերացնում, բայց բավականին հեշտ ստացվեց: Առաջին պրոթեզը հարմար չէր, այլ պրոթեզ տրամադրեցին: Հիմա փորձում ենք հասկանալ՝ որն է ինձ հարմար, որ դրանցով քայլեմ: Այստեղ վերաբերվում են որպես ընտանիքի անդամի»,-ասաց նա:
 
Հայրենիքի պաշտպանները վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստների ու այլ մասնագետների անմիջական օգնությամբ, տարբեր բարդության վարժությունների միջոցով, աստիճանաբար փորձում են վերադառնալ առողջ և բնական քայլքին: «Միայն 
այստեղ չեմ աշխատում, տանն էլ եմ պարապում: Փորձում եմ մեջքս ուղիղ քայլել, ինչպես առաջ»,-նշեց Արամ Արզումանյանը:
 
Նա վստահ է, որ հասարակության մեջ ինտեգրման խնդիր չի ունենալու. շարունակելու է կիսատ թողած ուսումն ու անպայման զբաղվելու է սիրելի աշխատանքով: «Մեր տղաներին, ովքեր որևէ վերջույթ են կորցրել, ինչ-որ մասնիկ իրենց կյանքից պոկվել է, խորհուրդ կտամ միշտ առաջ նայեն: Մտածեն, որ իրենք ավելի ուժեղ են լինելու այս կյանքում: Թող կյանքում երբեք չկոտրվեն»,-իր կարգավիճակում հայտնված այլ մարդկանց հորդորեց Արամը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն