Ամերիկյան մամուլը՝ Հայոց ցեղասպանության մասին. լույս է տեսել The Washington Post-ի հրապարակումների երկհատորյակը

Ամերիկյան մամուլը՝ Հայոց ցեղասպանության մասին. լույս է տեսել The Washington Post-ի հրապարակումների երկհատորյակը

  • 16-04-2021 21:15:13   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 16-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և Արա Քեթիբյանի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԵՐԳԱՆՔ ԵՎ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ: ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ: ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏԻ 1890-1922 ԹԹ. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ» («ARMENIAN GENOCIDE: PRELUDE AND AFTERMATH. AS REPORTED IN THE U.S. PRESS. THE WASHINGTON POST (1890-1922)») 10 հատորանոց մատենաշարի վեցերորդ և յոթերորդ հատորների շնորհանդեսը: 
 
Բազմահատորյակի առաջին հինգ հատորում ներկայացված են ամերիկյան առաջատար օրաթերթերի («Նյու Յորք Թայմս», «Քրիստիան Սայենս Մոնիտոր», «Բոստոն Դեյլի Գլոբ») անդրադարձները՝ ընդհանուր առմամբ 6696 հոդված:
 
Վեցերորդ և յոթերորդ հատորներում հեղինակները ներկայացնում են «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի 1890-1922 թթ. անդրադարձները: Գրքերում զետեղված հրապարակումներն արժեքավոր տեղեկություններ և արխիվային նյութ են պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 
 
Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ կարևորելով մատենաշարի ներդրումը հայագիտության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:
 
Հատորների համահեղինակ Արա Քեթիբյանը նշեց, որ բազմահատորյակում ընթերցողին ժամանակագրական հաջորդականությամբ հասանելի է դառնում ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ, լուսանկարներ և այլն։
 
Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը, ով նաև հատորների նախաբանի հեղինակն է, տեսակապով իր ողջույնի խոսքն ուղղեց հյուրերին և կրկին ընդգծեց այս աշխատության կարևորությունը:
 
ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և ՀՑԹԻ ասպիրանտ Հայկ Մկրտչյանը ժամանակագրական հերթականությամբ մանրամասն ներկայացրին աշխատության առաջին և երկրորդ մասերը՝ քննության առնելով առավել հետաքրքրական հոդվածները:
 
Շնորհանդեսի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել հեղինակին: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ