Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեինին. Էդմոն Մարուքյան

19-04-2021 20:36:11   | Հայաստան  |  Քաղաքական



ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է
ունեցել Վեհաժողովում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ռազմավարի պուրակի բացմանը։ Ելույթի տեքստը Էդմոն Մարուքյանը հրապարակել է ֆեյբուքյան իր էջում։ 
 
«Հարգելի' գործընկերներ,
2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները: 
Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր: 
 
Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց:
 
Խնդրում եմ մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող  լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:
Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում:
 
Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեմ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և պարզապես անընդունելի։
 
Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը: 
 
Միևնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր: 
 
Հուսեյնի նման, Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման, Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին:
 
Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը. նրանք խթանում
են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին և ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։ 
 
Հարգելի' գործընկերներ,
Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում ամբողջ աշխարհում: 
 
Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները և հուսով եմ, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 148 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար