Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը կանցկացվի մայիսին

20-04-2021 20:39:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ 
 
Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:
 
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նույն օրը բեմում
հանդես կգան նաև միրզոյանական առաջին մրցույթի հաղթողները: Մայիսի 11-ին Կոմպոզիտորների միությունում կկայանան երկու
տարիքային խմբերի մրցութային փուլերը, իսկ մայիսի 13-ին՝ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի շրջանակում կհնչեն մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ստեղծագործությունները:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները  (մինչև 13 տարեկան) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված ցանկացած գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տարեկան)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):
 
Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, կունենան ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում ձայնագրվելու հնարավորություն, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում են նաև դրամական պարգևատրություններ երկու խմբերի հաղթողների և մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների համար:
 
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի ֆեյսբուքյան էջին մինչև մայիսի 8-ը՝ կցելով անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, հայտաձևը, նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր (ընթեռնելի) տարբերակով):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 055 07 07 80 հեռախոսահամարով:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 82 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար