Նախագահն այցելել է Շուռնուխ. գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

20-04-2021 20:58:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այսօր այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ: «Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն»։
 
Այնուհետև նախագահ Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ
համայնք, հանդիպել Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարների ու բնակիչների հետ։
 
Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Շուռնուխ գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարել:
Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ, և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։
 
Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական
վարկերի մարման հետ:
 
Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ Հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 87 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար