Նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի

21-04-2021 11:26:00   |   |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 19-ին հաստատել է
կառավարության որոշում`  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը հաստատելու մասին: 
Միջոցառումն իրականացվելու է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ: Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց  թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Արցախի Հանրապետության տարածքում գործարար ծրագրի
իրականացման, հարկային, վարկային և այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակը կարող է մարվել մինչև ժամկետի լրանալը:
Կառավարության որոշման համաձայն, եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաև պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա սույն միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի և վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:
Միջոցառմամբ սահմանված են աջակցության ենթակա կորսված գույքի տեսակները և դրանց համապատասխան աջակցության չափերը:
 
Ապրիլի 19-ին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հաստատված կառավարության մեկ այլ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրում:
Ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը. ընդգրվել են նաև գրավատների վարկառուները:
Համաձայն որոշման՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում բնակված ֆիզիկական անձանց հիփոթեքային և սպառողական վարկերի ողջ պարտավորությունների չափով տրամադրվող աջակցությունը կիրառվելու է նաև ֆինանսավարկային կազմակերպություններում առկա պարտավորությունների նկատմամբ: 
Բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեություն իրականացրած, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով կորուստ կրած և ֆինանսավարկային կազմակերպություններում բիզնես վարկային պարտավորություններ ունեցող ծրագրի շահառու հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին ևս կտրամադրվի աջակցություն կորստի չափով, բայց ոչ ավել, քան այդ պարտավորությունների 50 տոկոսը: 
 
Նույն օրը երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողով: 
Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: 
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը:
Առաջիկա օրերին լրացուցիչ աշխատանքներից հետո լիազոր մարմինը կտարածի հայտարարություն, որից հետո քաղաքացիները կարող են դիմել հանձնաժողով նյութական վնասի և տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափը որոշելու ու հաստատելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 213 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար