Համագործակցության հուշագիր. հայկական կինոարվեստի և կերպարվեստի բացառիկ նմուշները կներկայացվեն նորովի

21-04-2021 12:06:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի  միջև  ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների ուղղորդմանը՝ դասախոսությունների, ցուցադրությունների, կինոդիտումների միջոցով բացառիկ ու եզակի կադրերին նոր կյանք ու շունչ տալուն։
Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը: 
Բովանդակային ընդգրկմամբ բացառիկ ցուցադրության հիմքում հայկական կերպարվեստի և կինոարվեստի միևնույն՝
մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունն է: 
Խոսելով երկու կառույցների միջև համագործակցության կարևորության մասին՝  Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ համատեղ ցուցադրությունը երկու կառույցների համագործակցության սկիզբն է․ «Շատ եմ կարևորում կերպարվեստի և կինոարվեստի համատեղ ցուցադրումը: Յուրաքանչյուրս կղզիացած չենք կարող շատ բան անել, սակայն միասնական ուժերով ամեն ինչ հնարավոր է»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նույնպես կարևորել է հուշագրի ստորագրումը, որը համատեղ բազմաթիվ  ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի: 
««ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի մեջ  ներկայացված է նաև Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան»,- նշել է կինոկենտրոնի տնօրենը և հավելել, որ 2018 թվականից սկսած կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության համատեղ  աշխատանքների արդյունքում «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերն ինստալացիոն այլ ցուցադրություններ նույնպես կունենան:
Նշենք, որ «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասների և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը: Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական ճարտարապետների
արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այդ գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Վիրտուոզությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը։
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 120 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար