ԱՄՆ-ն հրաժարվել է ռուս-թուրքական օկուպացիան «օրինականացնելու» առաջարկից


ԱՄՆ-ն հրաժարվել է ռուս-թուրքական օկուպացիան «օրինականացնելու» առաջարկից

  • 21-04-2021 16:44:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am-ը գրում է. «ԱՄՆ-ն չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին, հայտնել Է Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Մոզերը:
 
«Մենք կարծում ենք, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւի գործընթացն ամենահարմար տարբերակն Է: Այդ պատճառով մենք չենք ցանկանում դիտորդ լինել մյուս գործընթացում», ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը պլանավորում Է արդյոք որպես դիտորդ վերադառնալ Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Սպասվում Է, որ Աստանայի ձեւաչափով հերթական կոնսուլտացիաները Նուր Սուլթանում կկայանան ընթացիկ տարվա կեսերին:
 
Այդ ձեւաչափով 15-րդ միջազգային հանդիպումը տեղի Է ունեցել փետրվարի 16 – 17-ը Սոչիում: Հանդիպման արդյունքներով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը) համատեղ հայտարարության մեջ հավաստել են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաստատուն կողմնակցությունը եւ համաձայնության են եկել միասին շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ Արաբական Հանրապետության տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
ԱՄՆ-ն այսպիսով հրաժարվում է իր ներկայությամբ օրինականացնել այսպես կոչված «Աստանայի գործընթացը», որը «Արեւմուտքի քայքայիչ գործունեությունը չեզոքացնելու, Սիրիայի փլուզումը թույլ չտալու» եւ նման այլ կարգախոսների տակ իրականացնում են Մոսկվան ու Անկարան, Թեհրանն էլ՝ վրադիր: «Սիրիայի ամբողջությունը» պահպանելու անվան տակ իրականում տեղի է ունեցել այդ երկրի օկուպացիան ռուսական ու թուրքական զորքերի կողմից, Լավրովի ու Չավուշօղլուի բնորոշմամբ՝ հավասար կիսում, «անվտանգության միջանքներով» ու համատեղ պարեկությամբ: Ընդ որում, թուրքական զորքերի ներկայությունը Սիրիայի տարածքում «օրինականացրել է» հենց Ռուսաստանը, որը ներկայում թուրքական կողմին տարածքներ է զիջում իր «պատասխանատվության գոտուց»:
 
Սիրիայում Աստանայի համաձայնությունների ու Հայաստանի դեմ Արցախում Լավրովի պլանի իրագործման ուղիղ կապին Լրագիրը անդրադարձել է բազմիցս: Թուրքական զորքի ու ահաբեկիչների մուտքը շրջան տեղի է ունեցել Ռուսաստանի հավանությամբ ու աջակցությամբ, Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը վերահսկում է Արցախի տարածքը եւ Հայաստանի այլ շրջաններ: Ռուսաստանի ՖՍԲ-ի վերահսկողությամբ հաղորդակցությունների միջանցքի բացումը, Հայաստանի տարածքների օտարումը այդ տրամաբանության մեջ են:
 
Իրանը պատերազմի օրերին առաջարկեց Աստանայի գործընթաց նաեւ Արցախում, որին Մոսկվան ու Անկարան համաձայնեցին, դուրս թողնելով Իրանին, որը Սիրիայում գլխացավանք է դարձել ռուս-թուրքական տանդեմի համար: Եռակողմ հայտարարություն կոչվածը Հայաստանի դեմ ռուս-թուրքական «Աստանան» է, որտեղ էլ տարիներ առաջ տեղի է ունեցել ռուս-թուրքական համաձայնությունը «Ղարաբաղում բարդ օպերացիայի» վերաբերյալ:
 
ԱՄՆ-ն չի ընդունել ռուս-թուրքական համաձայնությունները Ղարաբաղում, պնդելով Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորման հարցը, ինչպես Սիրիայի դեպքում՝ Ժնեւի համաձայնությունների ձեւաչափը, եւ հրաժարվելով օրինականացնել Մինսկի խումբն ու Ժնեւի ձեւաչափը չեղարկելու Մոսկվա-Անկարա տանդեմի փորձերը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը