Արցախյան պատերազմն ամբողջությամբ ծառայում էր նրան, որ ՌԴ-ն խաղաղապահ ուժեր մտցնի Արցախ. Վահե Գասպարյան
21-04-2021 20:11:10 | Հայաստան | Քաղաքական
2020 թվականի Արցախյան պատերազմն ամբողջությամբ ծառայում էր նրան, որ Ռուսաստանը խաղաղապահ ուժեր մտցնի Արցախ։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, սրտային վիրաբույժ Վահե Գասպարյանը։
«Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմը, որովհետև դա իր շահերից էր բխում, որովհետև չկանգնեցնելու դեպքում իրական վտանգ կար, որ ադրբեջանցիները կներխուժեն Ստեփանակերտ, և Արցախը կհայաթափվի։ Ո՞րն է այստեղ իրենց շահը։ Այն, որ նրանց պետք էր մտցնել ռուսական խաղաղապահ զորքեր Արցախ, իսկ դրա համար Արցախում պետք է լիներ նաև x քանակով հայկական բնակչություն, որը պետք է այդ զորքերը պաշտպանի։ Այդ իսկ պատճառով ՌԴ-ն կանգնեցրեց պատերազմն այն ժամանակ, երբ Արցախը դեռ հայաթափված չէր։
Անշուշտ, ամբողջ պատերազմն էր ծառայում դրան, և ռուսները դրա մասին բացահայտ խոսում են։ ՌԴ-ի պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարեց, որ Արցախյան պատերազմը հրաշալի օպերացիա էր, որն իրենք իրականացրին Թուրքիայի հետ միասին։ Վերջերս էլ Պուտինի ոչ պաշտոնական խորհրդական Դուգինն ասաց, որ «մենք զոհաբերեցինք հայերին, որպեսզի Ադրբեջանին օգնենք վերատիրանալ Արցախին, հետո էլ դիմելով Ադրբեջանին՝ ասաց՝ ձեր հերթն է քայլ անել, մտնել ԵԱՏՄ»,- նշեց Գասպարյանը։