Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 44-օրյա պատերազմի ընթացքում 50 զոհ է տվել


Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 44-օրյա պատերազմի ընթացքում 50 զոհ է տվել

  • 21-04-2021 21:29:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են  պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 44-օրյա պատերազմի ընթացքում  50 զոհ է տվել: Հաղթահարել հոգեբանական բարդույթները ու միասին լուծում տալ երկրի առջև ծառացած խնդիրներին՝ սա էր օրենսդիրի ղեկավարի հիմնական ուղերձն արցախցիներին:
 
Գնահատելով համալսարանի ներուժը՝ Արթուր Թովմասյանը կրթական գործը առավել նվիրվածությամբ կազմակերպելու, սերունդներ դաստիարակելու  կոչով է դիմել  համալսարանականներին: Նա շեշտել է,  որ բուհն անպայման պետք է պահպանի  «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» անվանումը՝ որպես Շուշի վերադառնալու իրավունքի առհավատչյա:
 
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ետպատերազմյան խնդիրները լուծելու՝ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, սոցիալական ծրագրերին ու դրանց համար հիմք հանդիսացող օրենսդրական նախաձեռնություններին:
 
Պատասխանելով ներկաների հարցերին՝ Արթուր Թովմասյանը պարզաբանումներ է տվել առկա աշխարհաքաղաքական զարգացումների, պաշտպանության բանակի կարգավիճակի, ագրարային քաղաքականության  վերաբերյալ: Նա ընդգծել է, որ կարևորագույնն ու առաջնահերթությունն Արցախի կարգավիճակն ու ժողովրդի անվտանգությունն է։
 
Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն