Նոր պատերազմի շեմի՞ն. Ալիևը Զանգեզուրն ուժով վերցնելու սպառնալիքներ է հնչեցնում․ Factor.am


Նոր պատերազմի շեմի՞ն. Ալիևը Զանգեզուրն ուժով վերցնելու սպառնալիքներ է հնչեցնում․ Factor.am

  • 21-04-2021 22:44:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am-ը գրում է. «Ադրբեջանի նախագահը երեկ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ բացահայտ սպառնալիքով է հանդես։ «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը՝ ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել է նա։
 
Բացի այդ, Ալիևը նշել է, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»:
 
Երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին կոշտ արձագանքել է պաշտոնական Երևանը։
Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները դատապարտել և միջազգային հանրությանն ուշադրությունն այդ փաստի վրա է հրավիրել Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը։
 
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք»,- գրել է Թաթոյանը։ Արման Թաթոյանը նշել է՝ այս օրերին փաստահավաք աշխատանքներ է իրականացնում Սյունիքի մարզի համայնքներում: Արդյունքները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչներին ու երեխաներին:
 
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել՝ իրենց լռությունը պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների. «Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում»,- գրել է նա։
 
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ Ալիևի սպառնալիքներն առարկայական են․ նա հայկական կողմին երկընտրանքի առաջ է կանգնեցրել։ Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կգնան Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցքը զիջելու ճանապարհով։ Նա, միաժամանակ, նկատում է՝ Սյունիքը դարձել է գերտերությունների շահերի բախման թատերաբեմ, և այստեղ կարևոր է ոչ միայն արտաքին ճկուն քաղաքականություն վարելը, այլև տեղացիների վերաբերմունքի փոփոխությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանք տանելը կարևորում է նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
 
Նա նշում է՝ պետք է մեծացնել խաղացողների շրջանակը, որպեսզի Ալիևի ախորժակը զսպել ստացվի։ Անդրադառնալով Ալիևի ռազմատենչ հայտարարություններին՝ Ալիևը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա Հայաստանի տարածքային ամբողջականությանն է սպառնում։ Գրիգորյանը նշում է՝ Ալիևը ոչ միայն Զանգեզուրի, այլև Սևանի և Երևանի մասին է խոսել նախկինում, այս հայտարարությունն էլ պետք է դիտարկել այդ տեսանկյունից։
 
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար Սյունիքը, մասնավորապես՝ Զանգեզուրը եղել ու մնալու է օրակարգային հարց և, հնարավոր բարենպաստ պայմանների պարագայում, կդառնա առաջնային թիրախ։
 
Սյունիքում իշխանությունների կողմից միջանցք զիջելու մասին հայտարարություններին իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը շատ կոշտ է արձագանքում՝ ասելով, թե դրանց հեղինակները քաղաքական դիվիդենտներ են քաղում։
 
Ի դեպ՝ այսօր հակառակորդին միջանցք տրամադրելու մասին վարչապետին հարց են ուղղել սյունեցիները, ինչին ի պաստախան Փաշինյանն ասել է՝ «Մեղրիի միջանցք չի լինելու», ոչ մի ճանապարհ էլ չեն բացելու։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը