«Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին». կստեղծվեն 2 նոր արգելոցներ


«Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին». կստեղծվեն 2 նոր արգելոցներ

  • 22-04-2021 14:56:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք  հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր: «Դաշտադեմ ամրոց» արգելոցի տարածքը սահմանվել է 0.16716 հեկտար, «Մայրաքաղաք Դվին»-ը՝ 12.72126 հեկտար: 
 
Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացնելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:
 
Հայաստանը հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող երկիր է, և արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին՝ միջազգային տուրիզմի շուկայում որոշակի դիրք զբաղեցնելու հեռանկարով: 
 
Դաշտադեմ ամրոց-համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ: Հուշարձանի թվագրման մասին գրավոր աղբյուրները լռում են: Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է․ ենթադրվում է, որ VII դարում Կամսարական տոհմի կողմից կառուցվել է ուրարտական շինության հիմքերի վրա:
 
Ավելի որոշակի են Դվին մայրաքաղաքի հիմնադրման թվականները: Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում՝ Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին՝ Տրդատ III-ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX-VIII դդ. պաշտամունքային բնակավայր:
 
Նախագծի նպատակն է նաև ապահովել արգելոցների (ինչպես ՀՀ մյուս հնավայրերի) պահ¬պա¬նության, գիտական ուսումնասիրման, հանրահռ¬չակ¬ման և օգտագործ¬ման սկզբունք-ների միասնականությունը, շա¬հառուների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը: 
 
Արգելոցները և արգելոց-թանգարանները համարվում են մշակութային անշարժ և շարժական, նյութական և ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման և կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպություններ, ուստի կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տա¬րած¬քի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիր-ման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play