Առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները հայտնի են

22-04-2021 20:13:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները։
 
2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է  hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ 
 
1-ին փուլ
Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։
 
2-րդ փուլ
Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։
 
 Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝
1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
3-րդ փուլ
 
Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց: 
Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։
 
Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում
 
Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար
պայմաններ:
 
Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 85 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար