Պպարտավոր եմ թույլ չտալ, որ այլոց լույսերը մարեն. Կարին Տոնոյան


Պպարտավոր եմ թույլ չտալ, որ այլոց լույսերը մարեն. Կարին Տոնոյան

  • 22-04-2021 19:08:58   | Հայաստան  |  Քաղաքական

Բոլոր նրանց, ովքեր կորցրել են,
Ու բոլոր նրանց, ովքեր վախենում են կորցնել:
Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են, 
Նրանց՝ ովքեր ուզում են ապրել:
Բոլոր նրանց, ում թալանել են ու գողացել հավատը վաղվա օրվա,
ով չի կարողանում պարզ նայել իր երեխայի աչքերին ու ապահովել նրա ապագան,
Բոլոր նրանց, ով տանջվում է առավոտից մինչև գիշեր, բայց չի կարողանում արժանապատիվ ապրել,
Նրանց, ովքեր հավատացել, բայց կրկին խաբվել են,
Նրանց ում ստորացրել են, արհամարել ու նայել վերևից,
Ում նեղացրել ու սպանել են արժանապատվությունը:
Բոլորին,
Ծնողին, ով վախենում է իր երեխայի համար,
Գյուղացուն, որ ճկվել է վարկերի տակ ու չգիտի ինչպես հայթայթի սերմացուն,
Բանվորին, որ գրոշներով պարկեր է քարշ տալիս,
Գիտնականին, ով անիծում է այն օրը, երբ մտածեց գիտության մասին,
Բժշկին, ով ապրում է հիվանդով, բայց չի կարողանում ինքը դեղեր հայթայթել,
Գործարարին, ում նեղացրել են ու փորձել խլել իր ստեղծածը,
Թոշակառուին, ով գիշերները մրսում է սովից ու ցրտից,
Ուսուցչին, ով չգիտի ինչպես ապահովի իր երեխայի կրթությունը,
Երիտասարդին, ում չեն տվել զարգանալու հնարավորություն ու փակել են դռները,
Եվ փորձառու մասնագետին, ում անվանել են հնացած ու ճանապարհել տուն:
Հայեր, հայրենակիցներ,
Մեր երկրի ապագան վտանգված է,
Եվ մենք պետք է կանգնեցնենք այդ վտանգը։ 
Մեզ բոլորից այսօր պարուրել է մեկ ցավ, 
մեկ ցանկություն և մեկ  նպատակ՝ մեր հայրենիքի ճակատագիրը,
 այդ վիրավոր ճակատագիրը կերտելուց նախկինում հեռու  մնալու մեղքն ու հիմա այլևս հեռու մնալու անհնարինությունը: 
Երկար եմ մտածել, թե ես ինչ կարող եմ անել։
Մենք այլևս չենք կարող փրկել, հետ բերել մեր հազարավոր զավակներին, բայց ինչ կաներ յուրաքանչյուր մայր, եթե իմանար, որ դեռ կարող է փրկել իր զավակին, ամեն ինչ.....այսօր հենց նրա նման պիտի ամեն ինչ տանք՝ փրկելու մեր հայրենին:
Մեր երկիրն արնահոսում է,
Իսկ մեր ժողովրդին դրել են նոր ընտրության առջեւ` ընտրել ուժերի միջեւ, ովքեր երկիրը հասցրել են այս օրին։
Մեզ հրամցնում են կեղծ օրակարգեր եւ ամեն օր գողանում մեր վաղվա օրը։ 
Հարց եմ տալիս` արդյոք մենք դատապարտված ենք, արդյոք մենք չունենք արժանավոր նվիրյալներ, որոնք կստանձնեն երկրի ղեկը եւ դուրս կբերեն այս անդունդից։
Պատասխանում եմ` միանշանակ կան, բազմաթիվ են, նրանք մեր մեջ են, ապրում են, գործում ու ստեղծում են։ Պարզապես ամեն մեկն իր գործն է արել, մտածելով, թե դա է հայրենիք կառուցելու լավագույն ձևը.....    
Ես նրանց տարիներ շարունակ տեսել եմ ու մտածել՝ ինչու նրանք չեն մեր երկրի ղեկին, ու հիմա փորձում եմ գտնել եւ համախմբել հայրենասեր եւ արդար պրոֆեսիոնալներին, և բոլոր նմաններին կոչ եմ անում միացեք նրանց, վերակերտեք մեր երկիրը կարող, անձնուրաց ու արհեստավարժ նվիրյալներով, ձեր անձնական բոլոր երազանքները վերաձևեք այլևս միայն  Հայաստանի ապագայի պատկերով, հզոր ու ազգային պետություն կերտելու պատկերով:
 
Ցանկացած նոր ուժի ի հայտ գալուց ներկա ու նախկին ուժերը ստորաբար փորձում են փչացնել ու պիտակավորել նրանց, փորձում են ոչնչացնել նրանց։
Մենք պետք է փորձենք թույլ չտալ, որ սեւացնեն Հայաստանի դրոշի ներքո համախմբված առողջ ուժերին ու ինքս էլ պետք է դառնամ երաշխավորը` այդ ուժերի ազնվության եւ նվիրումի, իսկ եթե նրանցից մեկն էլ շեղվի այդ ուղուց, պիտի հայտնեմ ժողովրդին այդ մասին։ 
Ես ինձ հարց եմ տալիս, արդյոք մեծ բեռ չեմ վերցնում իմ փխրուն ուսերին,
Միանշանակ, այո, եւ այդտեղ է, որ ես ձեր բոլորի օգնության կարիքը ունեմ։
Ես կորցրել եմ իմ լույսը,
Բայց պարտավոր եմ թույլ չտալ, որ այլոց լույսերը մարեն։ 
Եվ վերցնելով այս հանձնառությունը, այսօր ես հայատարարում եմ 5165 շարժումը սկսելու մասին։ 
 
5165-ը մեր նվիրական լեռան` Արարատի բարձրությունն է, մեր ազգի խորհրդանիշն ու սուրբ բարձունքը։ 
5165 շարժումն այս պահին արդեն միավորել է հայրենասեր պրոֆեսիոնալների, որոնց մասին առաջիկայում դուք կտեղեկանաք և կճանաչեք:
 Եվ հիմա ես դիմում եմ բոլորին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը, Ձեզ, որ հազարավոր նակմակներով ինձ մղեցիք այս պայքարին, սա ձեր առաջարկած շարժումն է, ուրեմն միացեք  ու հզորացրեք այն։ 
5165 շարժումը պետք է դառնա հայության վերելքի ճանապարհը,
Այն պետք է լույս դառնա բոլորի համար`
Առաջադեմ եւ հայրենասեր երիտասարդի,
Եւ երկիր կառուցած թոշակառուի համար,
Հայրենիքը պաշտպանող զինվորի,
Եվ նոր զինվոր ծնող մոր համար։
Արարատը մեր բոլորիս ամենասիրած լեռն է, ամբողջ աշխարհի հայությանը միավորող լեռը և
5165 շարժումը հաշտություն ու սեր պիտի բերի մեր երկրին։
Այո, հաշտություն հենց երկրի ներսում։ 
Բոլորս ենք գիտակցում, որ առանց ներքին հաշտության, մեր երկիրն ապագա չունի։
 
Այո, մենք պարտվել ենք, եւ պետք է հանգիստ ընդունենք մեզ պարտադրած պարտությունն ու ամենադաժան սառնությամբ սեղմենք ատամներս ու պատրաստվենք հաղթանակի. օրուգիշեր, առանց ավելորդ զգացմունքների, առանց ատելության, առանց կատաղության, ինքնավստահ ու հավատով լի. այնպես ինչպես քո ընկած զավակին ես ոտքի կանգնեցնում, սիրածդ գործն ես անում՝ մանրակրկիտ ու բծախնդիր, չարչարվում ես այնքան մինչև չտեսնես քո ուզած արդյունքը։
 
5165 շարժումն այլեւս իրականություն է եւ այն դառնալու է մեր պետականության հզորացման եւ ապագա հաղթանակների շարժիչ ուժը։
 
Մենք ձեր մեջ ենք, դուք եք ծով դարձնելու այս շարժումը:
Եվ իրար հետ ենք բերելու վաղվա Հայաստանը, վաղվա Արցախը: 
Այո, ծերացել է մեր մայրը, որդեկորույս ու վիրավոր է մեր մայրը, բայց ով է թողնում իր հիվանդ մորն ու գնում երիտասարդ մայր փնտրելու...
Ու պիտի մայրաբար խնդրեմ, հորդորեմ, պահանջեմ ձեզանից՝  միանալ ու Հայաստանից արմատախիլ անել այս ատելության չարագույժ ծառը, մաքրել այս չարաբեր էներգիան մեր երկրի վրայից և  որդիական անբասիր սիրով բուժել մեր մայր հողը: 
          Հայաստանը սիրո կարիք ունի,
         Հայաստանին մո՛ր պես սիրել է պետք:

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական