Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել․ Արցախի ԱԳՆ

22-04-2021 19:08:27   | Հայաստան  |  



Արցախի հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։
 
Հայտարարության մեջ ասված է․
 
«Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը:
 
Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
 
Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ հայացքի ներքո: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին, հայրենազրկվեցին:
 
Պետականորեն կազմակերպված,
այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ:
 
Ոճրագործին չպատժելը նրան մղում է նոր հանցագործության: Այս ճշմարտությունը դարձնելով գործելաոճ, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին:
 
Այսօր Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը: Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Գետաշենում և Մարաղայում կին, ծեր ու մանուկ սպանվեցին, հազարավոր մարդիկ էլ տեղահանվեցին հայ լինելու պատճառով:
 
2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի մեծ մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:
 
Ոգեկոչելով մեր սրբադասված նահատակներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և գերագույն
արժեք պետականությունը պահպանելու համար, մենք ազգովի առավել քան պատասխանատու պետք է վերաբերվենք ներքին և արտաքին առկա մարտահրավերներին: Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին»:
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 76 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար