Փաշինյանի այցը Սյունիք կարելի է դիտարկել որպես քաղաքական ահաբեկման գործողություն. «Երկիր Ծիրանի»
22-04-2021 22:15:02 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի վերաբերյալ։
«Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ կարելի է դիտարկել ոչ թե որպես երկրի վարչապետի հերթական այց նշված մարզ, այլ որպես քաղաքական ահաբեկման գործողություն, որի հետևանքը պետք է լիներ Սյունիքի մարզի՝ թշնամու դեմ դիմադրության ոգին ջլատելն ու թուլացնելը:
Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը հենց ապրիլի 20-ին այցելեց Սյունիքի մարզ: Կարևոր հարց է թե ո՞ւմ հանձնարարությամբ է նա անսպասելիորեն հայտնվել Սյունիքում և փորձ կատարել իրականացնել ազգը պառակտող գործողություններ, որոնք ուղորդվել են մարդու իրավունքների զանգվածային խախտմամբ՝ ներառելով կտտանքներ:
Ոչ մի կերպ Սյունքի մարզի ինքնաբուխ ընդվզումը չի կարող դիտարկվել որպես քրեորեն հետապնդելի արարք: Ակնհայտ է, որ սյունեցիների ընդվզումը իրավաչափ էր, քանի դեռ մեր հայրենիքի տարածքային ամբողջականության խախտողը շարունակում է գտնվել ազատության մեջ և դեռ որոշումներ է կայացնում:
Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ էր, որ իրեն Սյունիքում ոչ ոք չէր սպասում և սյունեցիները չեն հավատում թշնամու՝ թուրքերի հետ խաղաղ համակեցության: Մինչդեռ նա ամեն կերպ՝ գողեգող սողոսկեց Սյունիքի մարզի որոշ համայնքներ, որպեսզի հրահրի քաղաքացիական անհնազանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։