Արցախում ռուս խաղաղապահները մայիսի 9-ին շքերթի են պատրաստվում․ Բաքվուն սա «օկուպացիոն գործողություն» են որակել. Factor.am


Արցախում ռուս խաղաղապահները մայիսի 9-ին շքերթի են պատրաստվում․ Բաքվուն սա «օկուպացիոն գործողություն» են որակել. Factor.am

  • 22-04-2021 21:53:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրվան նվիրված շքերթ անցկացնել։ Factor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև փորձ է անցկացվել, որում ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։
 
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի արձագանքել այս տեղեկությանը, մինչդեռ Ադրբեջանում այն բուռն քննարկումների առիթ է դարձել ու դժգոհություններ առաջացրել։ 
 
Մասնավորապես, «Թուրան»-ի հետ զրույցում Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի կոմիտեի անդամ Սաբիր Ռուստամխանլին նշել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում են՝ խաղաղություն ստեղծելու, և ոչ թե շքերթներ անցկացնելու համար։
 
«Ռուս խաղաղապահները գիտեն, որ իրենց ձեռնարկած յուրաքանչյուր անհարկի քայլ անվստահություն է առաջացնում Ադրբեջանում։ Դրա համար նրանց քայլերն անընդունելի են»,- ասել է նա։
 
Քաղաքագետ Շահին Ջավարլին էլ նշել է, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը միանշանակ չէ, և այն պետք է հստակեցվի։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրը դա է, որտեղից էլ բխում են մյուսները, այդ թվում՝ շքերթի անցկացումը։
 
Ընդդիմադիր «Մուսավաթ»  կուսակցության մամուլի ծառայությունն էլ շքերթի անցկացումը որակել է «Ադրբեջանի ինքնիշխանության խախտում»։ «Այդ գործողությունները հակասում են խաղաղապահ ուժերի մանդատին, միջազգային իրավունքին ու ապացուցում են Ղարաբաղում Ռուսաստանի գործողությունների օկուպացիոն բնույթը։ Պաշտոնական Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Նշենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում շքերթի անցկացման լուրը ևս մեծ դժգոհություններ է առաջացրել։ Բաքուն, սակայն, պաշտոնապես դեռևս չի արձագանքել շքերթի անցկացմանը։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը