ԱԺԲ-ն դիմել է ԱՄՆ իշխանություններին հորդորով, աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը


ԱԺԲ-ն դիմել է ԱՄՆ իշխանություններին հորդորով, աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը

  • 23-04-2021 12:31:27   | ԱՄՆ  |  Քաղաքական

Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո դեսպան տիկին ԼԻն Մ. Թրեյսի,
 
Ուղիղ 101 տարի առաջ, այս օրը հաստատվեցին պաշտոնական դիվանագիտագական հարաբերություններ ԱՄՆ և Հայաստանի հանրապետության միջև:
Ցավոք, այդ հարաբերությունները դադարեցվեցին Հայաստանի ռուս բոլշևիկյան-թուրք քեմալական բռնազավթման և Հայաստանի ինքնիշխանության կորստի հետևանքով: Այսօր էլ Հայաստանը կանգնած է նույն՝ ռուս-թուրքական բռնազավթմամբ ինքնիշխանության կորստի վտանգի առաջ և այդ պարագաներում չափազանց կարևոր է ՀՀ ինքնիշխանության պահպանման, ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև Արցախյան խնդրի խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մարդու ու ազգի իրավունքի պաշտպանության դիրքերից հայ ժողովրդին ցուցաբերվող ԱՄՆ կառավարության մշտական աջակցությունը: Ուստի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը խնդրում է Ձեզ ԱՄՆ իշխանություններին փոխանցել մեր խորին երախտագիտությունը նման աջակցության համար:
 
2020 թ. սեպտեմբերին, այլ երկրներից ներգրավված վարձկանների օժանդակությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան այժմ թևակոխել է նոր փուլ, որը վտանգում է արդեն բուն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Դրա մասին են վկայում Բաքվում հայ 200 ռազմագերիների պատանդի կարգավիճակում պահելը, ԵԽԽՎ-ում այդ հարցի քննարկման դեմ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ պայմանավորված «դեմ» քվեարկությունը, Բաքվում բացօդյա «հաղթանակի թանգարանի» հիմնադրմամբ հակահայկական և հակամարդկային քաղաքականության ցինիկ պաշտոնականացումը, հայկական Սյունիքի մասին հնչող տարբեր հայտարարություններն ու ռուսական կողմից այդ տարածքի նկատմամբ ռազմական վերահսկողության սահմանման գործողությունները: Իրադարձությունների զարգացումները ակնհայտորեն վկայում են պուտին-էրդողան-ալիևյան համակարգված ծրագրի գոյության մասին, որի նպատակն է Հայաստանի ամբողջական գաղութացմամբ, հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկմամբ տարածաշրջանում բացարձակ վերահսկողության սահմանումը: Իրան-Հայաստան սահմանի ամբողջ երկայնքով մեկ հաստատելով ռուսական ռազմական վերահսկողություն Սյունիքում, փորձ է արվում նաև հաստատել ամբողջական վերահսկողություն Արեւելյան Եվրոպա-Վրաստան-Հայաստան-Իրան հեռանկարային կապի վրա կամ խզել այն ընդհանրապես:
 
Հարգարժան տիկին դեսպան, Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բեւեռը բարձր է գնահատում օրերս Սյունիք կատարված Ձեր այցը, ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումները, դա դիտելով որպես մեր երկրի ու պետության հանդեպ ԱՄՆ համերաշխության, ԱՄՆ տարածաշրջանային և Հայասատանի կենսական շահերի համընկման հերթական արտահայտություն:
 
Ելնելով վերը բերված փաստարկումներից, 20-րդ դարի հայոց ցեղասպանության տարեդարձի նախօրյակին Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռը դիմում է ԱՄՆ իշխանություններին հորդորով, շտապ և գործուն միջամտությամբ աջակցել Հայաստանին ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, ընդհուպ մինչև ֆիզիկական գոյության պահպանմանը, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի, հանուն երկարատև հեռանկարով հայ-ամերիկյան փոխադարձ շահերով ամրապնդվելիք իրական բարեկամության: Խորին հարգանքներով՝ Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ:
Նոյյան տապան  -   Քաղաքական