Տնկե՛ք ծառ վայրի բնության գրկում Երկրի օրվա կապակցությամբ


Տնկե՛ք ծառ վայրի բնության գրկում Երկրի օրվա կապակցությամբ

  • 23-04-2021 12:34:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յուրաքանչյուր տարի ապրիլի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրի օր և սա լավագույն առիթն է օգնելու Երկիր մոլորակին հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները, ցույց տալու մեր սերն ու հոգածությունը մոլորակի նկատմամբ։ Այս խորհրդանշական օրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ ձեռնարկել է մեկամսյա արշավ, որի շրջանակներում բոլորը հնարավորություն կունենան ամբողջ ամսվա ընթացքում իրենց ներդրումն ունենալ Երկիր մոլորակին աջակցելու գործում։
 
Բանաձևը պարզ է՝ 1 SMS = 1 ծառ = 500 ՀՀ դրամ։ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ուղարկել SMS 7733 կարճ համարին և տնկել մեկ ծառ, իսկ ցանկության դեպքում՝ բազմապատկել հաղորդագրությունների քանակը և տնկել մի ամբողջ անտառ։ Ապրիլի 22-ից սկսած մեկ ամսվա ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում։
 
FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Վերջին 5 տարիների ընթացքում FPWC կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում և այն դեռ շարունակվում է։ 2020թ․-ի ընթացքում FPWC կողմից Վայոց Ձորի և Արարատի մարզերում արդեն իսկ շուրջ 6000 ծառ է տնկվել նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս տարի՝ 2021թ․-ին նախատեսվող ծառատունկը ևս կիրականացվի այդ նպատակով։
 
Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ Ուրցաձորի, Հովազաձորի, Մոզրովի տարածքներում տնկվել են փշատենիներ, տանձենիներ, նշենիներ։ Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն